«Սպասում եք, որ նորի՞ց ինչ-որ քաղաքացիական անհնազանդություն լինի…». Տիգրան Եղոյան


«Սպասում եք, որ նորի՞ց ինչ-որ քաղաքացիական անհնազանդություն լինի…». Տիգրան Եղոյան

  • 03-07-2018 22:42:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
 
Վայոց Ձորի մարզում, Եղեգիս գետի վրա 19 փոքր հէկ-ի գործունեության հետևանքով բնությանը և գյուղատնտեսությանը պատճառված ու պատճառվող վնասի դեմ բողոքող, հիշյալ մարզում տնտեսական գործունեություն ծավալող ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն իր խոսքն ուղղելով իշխանություններին, հարցնում է` սպասում եք, որ նորի՞ց ինչ-որ քաղաքացիական անհնազանդություն լինի… 
«Երբ պարոն Պապիկյանը (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան.- Ա. Հ.) ժամանեց Շատին համայնք, ես բարձրացրել եմ հէկ-երի հետ կապված խնդիրը,- ասաց ֆերմերը:- Ինքն ասաց` ամենը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և մենք միջոցներ կձեռնարկենք»:
Ըստ Տիգրան Եղոյանի, նախարարն ասել է նաև, որ իրենք կվերանայեն հէկ-երի կառուցման շինթույլտվությունները, իսկ գետի ակունքին նոր հէկ կառուցելը և գետի հունը փոխելը դատապարտելի է համարել, սակայն իրականությունն այն է, որ տեղում գործողությունները շարունակվում են, ընդ որում, ավելի լայն թափով:
«Կա՛մ կրկնում են նախկին իշխանությունների նույն քաղաքականությունը` իմանալով հանդերձ, թե ովքեր են հէկ-երի հեղինակները, կա՛մ իրենք, ընդհանրապես, իրազեկված չեն,- եզրակացրեց ֆերմերը:- Անցյալ անգամ Ազգային ժողովի մոտ հիշատակվում էր, որ Եղեգիս գետի ակունքի մոտ կառուցվող հէկ-ը Վայոց Ձորի նախկին մարզպետի (այսօրվա Լեհաստանի դեսպանի) քրոջ անունով է տրված: Իսկ մնացածը, այսօր շատ լավ գիտեք, բոլորն ինչ-որ կասկածելի մարդկանց անուններով է, գյուղացի մարդկանց, որն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»:
Ըստ Տ. Եղոյանի կատարվածը հանցագործություն է:
«Պապիկյանը կլինի նախարար, թե չգիտեմ ով կլինի, մեզ համար միևնույնն է, ով է այսօր իշխանական բուրգին, մեզ համար միևնույնն է, մենք փաստը` արձանագրված, ներկայացնում ենք այսօր հանրության ուշադրությանը և պահանջում կառավարությունից, որ շտապ միջոցներ ձեռնարկեն,- ասաց Տիգրան Եղոյանը:- Խորհրդային տարիներին Եղեգիս գետի ջուրը, որը խմելու ջուր էր, նախատեսված էր, որ խողովակներով պետք է մտնի Եղեգնաձոր, 10-12 գյուղերի համար որպես խմելաջուր: Այն ժամանակ թույլտվություն չտրվեց, որովհետև դա խմելու ջուր էր և գետի հունն իրավունք չունեին փոխելու: Օրենքով գոնե սահմանված է, որ կարծեմ 4-6 կիլոմետր այնտեղ իրավունք չունեն որևիցե շինություն կառուցել, բայց այդ մարդիկ արդեն հենց ակունքից հողը քանդելով, տանում են… Այս ի՞նչ է կատարվում, այս բորենիներն ի՞նչ են անում: Ես բարձրացնում ես խնդիրը, սկսվում է արդեն հարված հարվածի հետևից, որ դուք դեմ եք թավշյա հեղափոխությանը, դուք դեմ եք… Այ բարեկամ, այս ի՞նչ եք խոսում, ի՞նչ է կատարվում, չի կարելի: Առաջին իսկ օրվանից մենք ենք եղել, պայքարել, երեք տարի անընդմեջ բարձրաձայնել եմ ես այս խնդիրները: Մեկ անգամ ևս կրկնում եմ` իմ համար կարևոր չէ ովքեր են այսօր իշխանական բուրգին, ովքեր են այսօր նախարար կոչվածները, եթե սխալ են թույլ տալիս, ուրեմն մենք բարձրաձայնելու ենք և գնալու ենք մինչև վերջ»:
Ակնհայտ է, որ Եղեգիսի վրա կառուցված ու կառուցվող հէկ-երի որոշ տերերի թիկունքին կանգնած, նրանց հովանավորող անձինք դիմել են էժանագին հնարքի` Եղեգիս գետի վրա 19 հէկ-երի աշխատանքի, հիշյալ գետի գրեթե ցամաքեցման, գյուղացիների ջրազրկման, ակունքի մոտ նոր հէկ-ի կառուցման դեմ պայքարող հիշյալ ֆերմերին և այլ անձանց ներկայացնելով իբրև թավշյա հեղափոխության դեմ պայքարողներ: Ի դեպ, այս հնարքը չափազանց անհեթեթ ու ծիծաղելի է, քանի որ, նախ, վերջիններս բնապահպանական հիշյալ հանցագործության դեմ իրենց պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության, ՀՀ ներկայիս բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների, այլ դեռ նախորդ իշխանությունների պաշտոնավարության օրոք են սկսել:
Երկրորդ. կատարվածն իրականում ոչ թե թավշյա կամ մեկ այլ հեղափոխություն է, այլ իշխանափոխություն:
Երրորդ. իշխանափոխությունը նոր չէ, որ պետք է կատարվի, այն հիմնականում արդեն կատարվել է, հետևաբար գործնականում որևէ նշանակություն չունի, եթե նույնիսկ ոմանք կատարվածին դեմ են (իրականում Տիգրան Եղոյանը և Եղեգիսի վրա այդքան մեծաքանակ հէկ-երի գործունեության դեմ պայքարող անձինք իշխանափոխությունից ոգևորված, այն ողջունած անձանցից են):
Չորրորդ.  ի՞նչ խոսք կարող է լինել «թավշյա հեղափոխության» դեմ հանդես գալու մասին, երբ հիշյալ հէկ-երի իրական տերերն են ոչ թե Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը (թեև նույնիսկ այդ դեպքում անհեթեթ կլիներ «թավշյա հեղափոխության» դեմ լինելու մեջ Տ. Եղոյանին և այլոց մեղադրելը), այլ, ըստ Տիգրան Եղոյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբար Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀԿ-ից համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և այլք:
Հինգերորդ. ի վերջո, մարդիկ ոտքի ելան և իշխանափոխությունն իրականություն դարձրեցին, որովհետև դեմ էին անարդարությանը, անօրինությանը, կոռուպցիային, և քանի որ Տիգրան Եղոյանը և այլ անձինք նախկինում և հիմա հենց անարդարության, անօրինության, կոռուպցիայի դեմ են պայքարում, իրականում հասարակության ակնկալած փոփոխություններին դեմ են հենց այն անձինք, ովքեր փորձում են նրանց ներկայացնել իբրև «թավշյա հեղափոխության» դեմ պայքարողներ: Այնպես որ, նրանք, ովքեր ուզում են Հայաստանում 37 թվականի մթնոլորտը վերականգնել, թող, մեղմ ասած, սսկվեն ու վեր ընկնեն իրենց տեղերը:
Ֆերմերի հավաստմամբ, բնության ավերման այս անդառնալի գործընթացը հանգեցնելու է ՀՀ բնակչության արտագաղթի, հետևաբար իրենց բողոքի գործողությունները շարունակական են լինելու, Վարդենյաց լեռնանցք բարձրացող ճանապարհը ժամանակ առաջ փակել են, առաջիկայում, եթե պետք լինի, 1 տարի էլ, 2 տարի էլ կփակեն, մինչև խնդրին դրական լուծում տրվի: Տիգրան Եղոյանի խոսքով, չի՛ կարելի բողոքողներին մեղադրել սաբոտաժի մեջ, չի՛ կարելի այդքան ցինիկ գտնվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության զանգվածային ընդվզման, որպես բողոքի դրսևորում, ճանապարհները փակելու առնչությամբ ասաց` մենք փողոց դուրս եկանք, որ Հայաստանի ժողովուրդն այլևս փողոց դուրս չգա: Հետևաբար այս դեպքում ինչպե՞ս վարվել, արդյոք հնարավոր չէ՞ էլի համբերել, առկա հիմնախնդիրները բացատրել համապատասխան նախարարներին, այլ պաշտոնյաների, նրանց հասկանալի դարձնել և հասնել Ամուլսարում հանքի շահագործմանը, իսկ Եղեգիս գետի ակունքի մոտ հէկ-ի կառուցմանը նպատակաուղղված աշխատանքների գոնե կասեցման, մինչև վերոնշյալ հիմնախնդիրներին օրենսդրության շրջանակում վերջնական լուծում կտրվի:
«Գիտեք ինչ, երևի շաբաթը 2-3 անգամ, միգուցե ավելին, կապվում ենք տարբեր նախարարությունների, գերատեսչությունների հետ, սակայն ստացվում է նույն պատկերը, նույն իրավիճակը,- ասաց Տիգրան Եղոյանը:- Առիթից օգտվելով, ուզում եմ դիմել մեր բոլոր քաղաքական ուժերին, որ սթափ նայեն այս իրավիճակին»:
Ըստ ֆերմերի, ինչպե՞ս համբերել, երբ Եղեգիս գետը հէկ-երի աշխատանքի հետևանքով հսկայական հատվածներում գրեթե ցամաքել է, ջուրն այնքան է իջել, որ առուներով չի հասնում գյուղացիներին, վերջիններս իրենց առվույտը չեն կարողանում ջրել, նրանց առվույտը չորանում է: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասում են մի փոքր էլ սպասեք, այդ մարդիկ ինչպե՞ս սպասեն, երբ նրանցից ոմանք վարկ են վերցրել բուսաբուծությամբ զբաղվելու համար, Գետափ համայնքի, այդ հսկայական գյուղի ցանքատարածությունները չորացել են, մարդիկ չեն կարողանում գետից ջուր վերցնել, ոռոգել, թեև դրա համար գումար են վճարում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play