«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն մինչև ամսվա վերջ ամբողջությամբ կլուծարվի. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն մինչև ամսվա վերջ ամբողջությամբ կլուծարվի. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-07-2018 14:33:06   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում և մինչև ամսվա վերջ ամբողջությամբ կլուծարվի: 
 
Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: 
 
Ըստ նրա՝ ամիսներ առաջ կատարված աղմկահարույց բացահայտումից հետո նշյալ ընկերությունն իր գործունեությունը շարունակում է որոշակի ճշգրտումներով և ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: 
 
«Մենք ունենք առաջարկներ կառավարությունում «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց ինքը ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործառույթները, որոնք «Նորֆոլկ»-ն էր իրականացնում, այլ ինքը պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող»,- ընդգծեց Դ. Անանյանը՝ հավելելով, որ այսօր շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալող մանր ու միջին ձեռներեցները պատրաստ չեն ինքնուրույն գնալ և կատարել մաքսային ձևակերպումներն ամբողջ ծավալով: 
 
Նրա խոսքերով՝ իրենք աստիճանաբար պետք է ձևավորեն այնպիսի մշակույթ, որ ներկրվող բոլոր ապրանքները պետք է մաքսազերծվեն ըստ տեսակի: 
 
Անդրադառնալով պետությանը խոշոր չափի նյութական վնաս պատճառած մի շարք ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցին՝ ՊԵԿ նախագահը շեշտեց, որ բոլորի նկատմամբ քրեական գործ է հարուցված, որոնց շրջանակներում, եթե պետությանը պատճառված վնասը վերակնագնվում է, ապա քրեական գործը կարճվում է: 
 
«Միջազգային պրակտիկայում այսպիսի մի կարևոր բան է ընդունված՝ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ՝ մենք չպետք է տնտեսվարողին տանենք դատենք նստեցնենք և արգելենք տնտեսվարությամբ զբաղվելը, որովհետև դրա արդյունքում կկորցնենք պոտենցիալ հարկ վճարողի»,- նշեց Դ. Անանյանը՝ հավելելով, որ պետք է գնահատել հարկ վճարողի վարքագիծը և նրան դնել ճիշտ ուղու վրա: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play