Արատես գյուղը երկրորդ անգամ ազատագրվեց, այս անգամ ներքին թշնամուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արատես գյուղը երկրորդ անգամ ազատագրվեց, այս անգամ ներքին թշնամուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-07-2018 18:52:40   | Հայաստան  |  Հասարակություն



 
Արատես գյուղը երկրորդ անգամ ազատագրվեց, այս անգամ ներքին թշնամուց:  
 
Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շատին համայնքի բնակիչ Նաիրի Դանիելյանը, ով նախկինում ապրել է Վայոց Ձորի Եղեգիս խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Արատեսում: 
 
Ըստ նրա՝ նշյալ գյուղում հիմնականում ապրել են ադրբեջանցիներ, ովքեր զբաղվել են անասնապահությամբ, բայց այսօր իրենք ցանկանում են նոր շունչ տալ գյուղին՝ այն վերաբնակեցնելով: 
 
Ն. Դանիելյանի փոխանցմամբ՝  գյուղի միակ վերակառուցված տունը պատկանում է ՊԲ նախկին գեներալ Հովիկ Օհանյանին, ով 2017 թվականի ՏԻՄ ընտրություններին ունեցել է լուրջ մասնակցություն՝ նպատակ ունենալով անել ամեն ինչ գյուղը ձեռքից բաց չթողնելու համար:  
 
«Տեսեք, ինքը կառուցել է հիդրոէլեկտրակայան, եթե գյուղը վերաբնակեցվեր, հետևաբար պետք է բնակիչներն անցնեին կյանքի բնականոն հունին, հողամաս մշակեին, ոռոգեին, իսկ այդ ոռոգման ջուրն ինքը ուղղել է իր ՀԷԿ»,- ընդգծեց Ն. Դանիելյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ոչ միայն Արատես համայնքի ջուրն է ուղղվել Հ. Օհանյանի ՀԷԿ, այլև մյուս չորս համայնքների առվակներից ու գետերից եկող ջուրը: 
 
Լրագրողի այն հարցին, այդ դեպքում ինչու են լռել այսքան տարի՝ Շատինի բնակիչը նշեց, որ իրենք նախկինում վախեցել են գնալ նման գործողությունների: 
 
Հիշեցնենք, որ օրերս Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները գնացել և կրկին դեպի համայնքներ էին շրջել սարերից հոսող առվակների հունը: 
 
Ն. Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ Շատինում նոր ընտանիք կազմող երիտասարդները պատրաստվում են գնալ և վերաբնակություն հաստատել Արատեսի լքված տներում: 
 
«Եթե այդ տներն ունեն սեփականատերեր, թող բերեն վկայականները և ապացուցեն, թե երբ են գնել տունը, եղել են արդյոք հանրային լսումներ և այլն»,- ընդգծեց բանախոսը: 
 
Իր հերթին ֆերմեր, «Գերաստղ» ծրագրի ղեկավար Տիգրան Եղոյանը նշեց, որ հոգնել է ՀԷԿ-երի հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնելուց: 
 
Նրա խոսքերով՝ արդեն երեք տարի կլինի, ինչ ՀԷԿ-երի խնդրով պարբերաբար դիմել է Բնապահպանության թե ներկա, թե նախկին նախարարներին, սակայն անարդյունք: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play