Ամերիկյան հրթիռներ ու իսրայելական ձկան պահածոներ` Սիրիայի տարածքում
31-07-2018 00:10:01 | ԱՄՆ | Քաղաքական
Սիրիայի հարավային Դարաա քաղաքում ամերիկյան TOW տեսակի հրթիռներ և իսրայելական արտադրության ձկան պահածոներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի բանակը:
«Ֆարս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի բանակը կիրակի օրը հայտարարել է, որ հայտնաբերված հրթիռները պատկանում են «Սպիտակ սաղավարտավորներ» կոչվող խմբին: Հիշյալ խումբը 2013թ. ստեղծվել է Թուրքիայում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ֆինանսական աջակցությամբ, ապա իր աշխատանքը կենտրոնացրել Սիրիայում ահաբեկիչների գրաված տարածքներում:
Սիրիայում ահաբեկիչների բռնազավթումից ազատագրված տարածքներում բանակի հայտնաբերած բազմաթիվ փաստաթղթեր ապացուցում են, որ «Սպիտակ սաղավարտավորներ» խմբի տարրերը հող են նախապատրաստել Թահրիր-ալ-Շամ (Ջեբհաթ-ալ-Նուսրա) խմբի կողմից սիրիացի խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական սպառազինության օգտագործման համար:
Համաձայն Սիրիայի բանակի հայտարարության, իսրայելական պահածոները հայտնաբերվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների ճիրաններից ազատագրված տարածքներում:
Հիշենք, որ Սիրիայի բանակն այդ երկրի տարածքում ավելի վաղ հայտնաբերել էր Իսրայելի, ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան այլ երկրների արտադրության զենք- զինամթերքի մի քանի պահեստներ: