Անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների միջեւ


Անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների միջեւ

  • 26-04-2011 17:04:20   | Հայաստան  |  Սպորտ
Ապրիլի 23-ին «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների միջեւ: Մրցաշարը կազմակերպել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Մասնակցության համար հայտեր էին ստացվել ՀՀ ՔԾ խորհրդից, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններից, ինչպես նաեւ Սյունիքի եւ Կոտայքի մարզպետարաններից: Մրցաշարին չէին կարող մասնակցել միջազգային կամ հանրապետական մրցումների մասնակցած արհեստավարժ մարզիկներ: Մրցաշարի մասնակիցներին ողջունեց եւ հաջողություններ մաղթեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վահան Մամիկոնյանը, նշելով, որ նման միջոցառումները համակարգի աշխատակիցներին շփվելու, միմյանց ճանաչելու հնարավորություն են տալիս եւ բխում են առողջ ապրելակերպի սկզբունքից: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» մարզական միությանը` մրցաշարի անցկացմանը սիրով աջակցելու համար: Մրցաշարի եզրափակիչում ուժերը չափեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ովքեր զբաղեցրին համապատասխանաբար առաջին եւ երկրորդ հորիզոնականները: Երրորդ մրցանակակիր դարձավ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը: Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով: ԻՆչպես նշված է «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրությունում, սա քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների միջեւ կազմակերպվող սեղանի թենիսի երկրորդ մրցաշարն էր: Առաջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2007 թվականին ՀՀ ՔԾ խորհրդի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ