Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տոնի՝ անկախության օրվա առիթով


Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տոնի՝ անկախության օրվա առիթով

  • 21-09-2010 22:05:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
19 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով միահամուռ ԱՅՈ ասաց անկախությանը, եւ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։ Դարերի ընթացքում իր անկախությունը մի քանի անգամ կորցրած ու ձեռք բերած ժողովուրդն ի կատար ածեց իր դարավոր երազանքը՝ հետագա դարերի համար։ Անկախությունը իրականություն դարձավ իր զանգվածայնությամբ ու համառությամբ նախադեպը չունեցող ժողովրդավարական այն շարժման շնորհիվ, որն, ըստ էության, ունեցավ միջազգային նշանակություն՝ տարածվելով ողջ Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եվրոպայում։ Նորանկախ Հայաստանը՝ հանգամանքների բերումով երկրաշարժի, բռնագաղթվածների, շրջափակման ու պատերազմի ծանրագույն բեռի տակ, կարողացավ հաղթահարել անհաղթահարելի թվացող մարտահրավերները։ Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու անվտանգության երաշխիքների ստեղծումը, տնտեսական ու համակարգային արմատական վերափոխումները, ժողովրդավարության արմատավորումը հնարավոր դարձավ նաեւ այն հավատի ու վստահության շնորհիվ, որ ունեին Հայաստանի իշխանությունները։ Տարածաշրջանում «ժողովրդավարության կղզի» ճանաչված Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիարժեք անդամ եւ վստահելի գործընկեր միջազգային հարաբերություններում։ Հայաստանն անկախության իր քննությունը ամենափայլուն հանձնած երկրներից էր ետխորհրդային տարածքում։ Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է ողջ հայ ժողովրդին իր ամենափառապանծ տոնի՝ անկախության օրվա առիթով։ Մենք համոզված ենք, որ նույն համաժողովրդական ջանքերով ու ընդվզմամբ Հայաստանը շատ շուտով դուրս կգա նաեւ այն խոտոր ու կործանարար ճանապարհից, որով նրան վերջին տասնամյակում քարշ է տալիս ավազակապետական վարչախումբը՝ վատնելով, անձնական շահի վերածելով անսակարկերի արժեք անկախության բաղադրիչները, նրա նկատմամբ ժղովրդի հավատն ու վստահությունը, երկրի քաղաքական ու նյութական ռեսուրսները։ Մենք ապրելու ենք ազատ, անկախ Հայաստանում, ապրելու ենք արժանապատիվ ու դա ժառանգելու ենք մեր սերունքներին։ Դա ոչ միայն մեր անքատելի իրավունքն է, այլեւ պատմության ու ապագայի նկատմամբ մեր ունեցած անշրջանցելի պարտքը։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն