Սերժ Սարգսյան. Մենք կարողանալու ենք լուծել մեր պետականության ու պետության առջեւ ծառացած բոլոր պրոբլեմները<br /> <br />


Սերժ Սարգսյան. Մենք կարողանալու ենք լուծել մեր պետականության ու պետության առջեւ ծառացած բոլոր պրոբլեմները

  • 21-09-2010 14:54:33   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ. 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Անկախության հռչակման 19-ամյա տարեդարձի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ սեպտեմբերի 21-ին այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին: Տոնի առթիվ երկրի ղեկավարի հրամանագրերով գիտության, կրթության, մշակույթի, արվեստի ոլորտների մի խումբ գործիչներ, պետական ծառայողներ, զինծառայողներ, իրավապահ մարմինների մի խումբ աշխատողներ պարգեատրվեցին ՀՀ բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ։ Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ երկրի ղեկավարը, մասնավորապես, նշեց, որ տոնական օրերը շատ լավ առիթ են գնահատանքի եւ դրվատանքի խոսքեր ուղղելու նրանց, ովքեր ամեն օր են արժանի ուշադրության, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, ովքեր առաջ են մղում հասարակությունը։ «Մենք միշտ ասում ենք. ըր մեզ համար ամենից կարեւոր արժեքը մարդն է, ուզում եմ ավելացնել, որ մեզ համար ամենից կարեւոր արժեքը վաստակաշատ մարդն է, այն մարդը, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները», - ասաց Սերժ Սարգսյանը, հավելելով՝ «շատ պարագաներում միգուցե այդ մարդիկ չեն արժանանում այն գնահատականին, որ իրենք արժանի են, բայց մեծ հաշվով մարդու լավ եւ բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի»։ ՀՀ նախագահը շնորհավորեց պարգեւատրվածներին նաեւ Հայաստանի անկախության հռչակման 19-ամյա տարեդարձի կապակցությամբ։ «Առջեւում մեր 20-ամյակի միջոցառումներն են։ Իհարկե, երիտասարդ տարիք է պետության համար, բայց միեւնույն ժամանակ նաեւ պարտավորեցնող։ Այս ընթացքում շատ բան է արվել, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ անելիքները շատ-շատ են։ Ես առավել քան վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ մեր վաստակաշատ ու տաղանդավոր այլ անհատների ակտիվ մասնակցությամբ մենք կարողանալու ենք լուծել բոլոր այն պրոբլեմները, որ ծառացած են մեր պետականության ու պետության առջեւ։ Մենք երբեք մարտահրավերներից չենք խուսափել, որովհետեւ խուսափել մարտահրավերներից՝ նշանակում է անձնատուր լինել, հանձնվել։ Մեր տեսակը այդպիսին չի»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Քաղաքական