Հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարման ծառայությունների միջև ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր


Հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարման ծառայությունների միջև ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր

  • 11-09-2018 16:59:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում: 
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ղեկավարները ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որով նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ու խորացնել երկու կառույցների միջև համագործակցության ծավալները: Հայաստանի և Արցախի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները փոխգործակցության հիմք էին դրել դեռևս 2010 թվականի մարտի 26-ին, այնուհետ՝ 2011 թվականի հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրված «Փոխըմբռնման հուշագրով» և «Փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագրով: Ստորագրված փաստաթղթերը հիմք են դրել այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև տևական համագործակցությանը:
 
Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Արցախի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Սերգեյ Մամունցը ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով կարևոր խթան հետագա գործակցության ընդլայնման,  փոխադարձ կապերի ամրապնդման ու համատեղ աշխատանքների համակարգման առումով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործընկեր կառույցի հետ համագործակցությունն ավելի առարկայական ու գործնական ուղղություն է ստանալու՝ փոխադարձ աշխատանքային այցերով ու հանդիպումներով:
Փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է կատարել նաև Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունում:
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, հանդիպում ունեցել զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանի, զորամասի սպայական կազմի և զինվորների հետ։ Հրամանատարը ներկայացրել է զորամասի անցած  ուղին, մարտական պատրաստվածությունը, առօրյան: 
Հակոբ Հակոբյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. Մենք՝ հարկադիր կատարողներս, նույնպես սպաներ ենք, հետևապես, քաջ գիտակցում ենք՝ ինչպիսի պատասխանատվություն, անձնուրացություն, մասնագիտական ու անձնային հատկանիշներ պետք է ունենա ուսադիր կրող յուրաքանչյուր ոք: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, տոկունություն, խաղաղություն, անամպ երկինք:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն