Մկրտիչ Կարապետյան. «Ինչպե՞ս մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ, եթե հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառվում»
26-04-2011 15:37:30 | Հայաստան | Հարցազրույցներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայկական գրատպության 500 -ամյակի առիթով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի հարցերին սիրով պատասխանեց «Էդիտ Պրինտ» հրատարակչության նախագահ,Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը:
Ն.Տ.- Ի՞նչ նպատակ ունի Գրքի երեւանյան 7-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը:
Մ.Կ.- Նպատակն է մեր կողմից հրատարակված նորանուն գրքերը հանձնել հանրության` մասնավորապես երեխաների դատին: Այս անգամ միջոցառմանը մասնակցում են 50 հրատարակիչներ, որոնք հանրության դատին են հանձնել վերջին երկու տարում լույս տեսած գրքերը: Նման միջոցառումներն արվում են նրա համար, որ մարդիկ գան, մասնակցեն ու ծանոթանան նորանուն գրքերին, քանի որ մոտ 20 տարի է ինչ մեր երկիրն ընթերցանության առումով հետ է գնացել: Մենք փորձում ենք ժողովրդի մոտ սեր արթնացնել դեպի գիրքը:
Ն.Տ.- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս միջոցառումից:
Մ.Կ.-Նախ նշեմ, որ նախորդ միջոցառմանը մասնակցել է մոտ 7-8 հազար մարդ, հետաքրքրությունը մեծ է եղել: Մենք ակնկալում ենք, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, շատ մարդ կայցելի մեր միջոցառմանը: Տեղեկացնեմ, որ մենք, սկսած ապրիլի վերջից մինչեւ մայիսի սկիզբ, մասնակցելու ենք 5 միջազգային ցուցահանդեսի, իսկ այս ամենի նպատակն ու ակնկալիքները մեկն է` ժողովրդին մոտեցնել գրքին:
Ն.Տ.- Նման միջոցառումները որքան՞ով են նպաստում գրահրատարակչության զարգացմանը:
Մ.Կ.- Անշուշտ նման միջոցառումները նպաստում են գրահրատարակչության զարգացմանը: Քանի որ, նախ, մարդիկ ծանոթանում են գրահրատարակիչների կողմից տպագրված նոր գրքերին, եւ, երկրորդ, շնորհիվ նման միջոցառումների, գրքերն սկսում են վաճառվել: Պարզ է` որքան շատ գիրք կարողանանք վաճառել, այնքան ավելի կզարգանա գրահրատարակչությունը:
Ն.Տ.- Կան արդյո՞ք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գրահրատարակչության զարգացմանը:
Մ.Կ.- Կան բազում խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել միայն նման միջոցառումների շնորհիվ: Թեեւ կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում գրահրատարակչությունները բավական զարգացած են, եւ նրանց կողմից լույս տեսած գրքերը թե որակով եւ թե բովանդակությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Նշեմ, որ նման միջոցառումներ են կազմակերպվում նաեւ մարզերում. ունենք նրանց համար մշակված ծրագրեր: Հաճելի կլինի, որ նման միջոցառումներին մեզ աջակցեն կառավարությունը, նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այսինքն` գրքի նկատմամբ լուրջ մոտեցում ցուցաբերվի, ինչն այսօր, ցավոք սրտի, չի արվում: Կառավարությունը պարտավոր է ոչ միայն ի պաշտոնե, քանի որ հաջորդ տարի մենք ունենք 2 կարեւոր միջոցառում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ.-ին հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, եւ նշելու ենք տպագրության 500-ամյակը: Մենք պետք է հավուր պատշաճի ներկայացնենք մեր երկիրը, բայց մինչ այժմ կառավարության կողմից ոչ մի քայլ չի արվում: Թերեւս միայն ՀՀ մշակույթի նախարարությունն է, որ մեզ օգնության ձեռք է մեկնել, ինչը չի կարելի ասել զանգվածային լրատվամիջոցների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասին:
Այսօր հարկերի պատճառով փակվում են գրահրատարակություններ: Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, նախագահին, որ պակասեցվի կամ ժամանակավորապես դադարեցվի գրախանութներից եւ գրքերի արտադրության համար հարկեր հավաքել, որ կարողանանք 2012թ.-ին նորմալ հանդես գալ: Մինչ օրս կառավարոըւթյան կողմից միայն մերժումներ ենք ստացել, դիմել ենք նաեւ ՀՀ ֆինանսների նախարարին, ով պատասխանել է.«Եթե մեր հարեւան Ադրբեջանում, Բելոռուսում, Թուրքիայում գիրքը հարկվում է, մենք էլ ենք հարկում»:
Ն.Տ.- Գրքի շուկայի զարգացումն ինչպե՞ս էր անցյալում, հիմա, եւ հետագայում ինչպե՞ս եք տեսնում:
Մ.Կ.- Թեեւ լավատես եմ, բայց կողքից նայելով, ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մեր անկախացման 20 տարիների ընթացքում գրքի շուկայի զարգացումը զրոյական վիճակում է, նույնիսկ կարող եմ ասել, որ հետընթաց է ապրել: Վերջին մի քանի տարիներին է, ինչ գրքի շուկան սկսել է որոշ չափով զարգանալ, որը, կարծես թե, ստացվում է, ինչը չի կարելի ասել գրքի իրացման վիճակի մասին: Ինձ թվում է, եթե պետությունը մի թեթեւ կամք դրսեւորի, ապա 3 տարվա ընթացքում գրքի շուկան վերելք կապրի, իսկ եթե ոչ` ապա անկումն անխուսափելի կլինի:
Այսօր ՀՀ կրթության նախարարի հրամանով դպրոցներում արգելված է դրամահավաքը, եւ դա է պատճառը, որ մենք չենք կարողանում մեր գրքերը տարածել դպրոցներում: ՀՀ կրթության նախարարությունը պետք է գիրքը կամ ամսագիրը հասցնի գրադարան, քանի որ մեր գրադարանները վերջին անգամ նորանուն գրքերով համալրվել են 1970-1980- ականներին, կամ նվիրատվության շնորհիվ: Պետք է յուրաքանչյուր գրադարան լույս տեսած նոր գրքի առնվազն երկու օրինակ ունենա: Եթե Երեւանի գրադարանների վիճակը կարելի է համարել բարվոք, ապա մարզերում վիճակն ահավոր է: Իսկ նման պայմաններում հարց է առաջանում` ինչպե՞ս մարդկանց մեջ սեր արթնացնել գրքի հանդեպ, եթե հարկերի պատճառով գրքերը թանկ են վաճառվում, իսկ գրադարաններում նկատվում է գրքի պակաս:
Հույս ունենաք, որ, եթե պակասեցվեն հարկերն ու կառավարությունը ճիշտ մարտավարություն ընտրի, ապա 2012թ.-ին ընդառաջ նման գրահրատարակչության ոլորտում կունենանք փոփոխություններ: