Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին<br />


Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին

  • 09-09-2010 17:18:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԱՐՄԱՎԻՐ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով Հայաստանում իրականացված ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լը Ուերուն սեպտեմբերի 9-ին այցելել են Արմավիրի մարզ: Արմավիրի մարզում էին նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Արմավիր քաղաքի հիվանդանոցում նրանք ծանոթացել են բուժծառայությունների մատուցման, բուժօգնության կազմակերպման գործընթացին: Հիվանդանոցը վերջերս է վերակառուցվել ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային երկրորդ ծրագրով, վերազինվել անհրաժեշտ բուժսարքավորումներով: ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային երկրորդ ծրագրով արդեն շահագործման են հանձնվել Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի հիվանդանոցները, ընթացքի մեջ են Գորիսի, Ապարանի, Արարատի եւ Գավառի հիվանդանոցների վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, մեկնարկել է Գյումրիի հիվանդանոցի շինարարությունը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլո հաղորդագրության, պատվիրակությունն այցելել է նաեւ Արմավիրի մայր ջրանցքի Շենավանի հատված: Ջրանցքը վերանորոգվել է ՀԲ-ի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» շրջանակում եւ շահագործման է հանձնվել այս տարվա գարնանը: «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընդհանուր արժեքը 36,3 մլն դոլար է: Այն ՀԲ-ի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ճանաչվել էր լավագույնը եւ որոշվել էր, որ Հայաստան կայցելեն տարբեր երկրների ներկայացուցիչներ` դրական փորձն իրենց երկրներում կիրառելու նպատակով: Ա.Գեւորգյանը բարձր է գնահատել ՀԲ-ի կողմից իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական եւ այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը: Նա կարեւորել է այդ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը: Ֆիլիպ լը Ուերուն նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցությունը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին: Ըստ նրա, Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, եւ դրանց իրականացման գործում բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՀԲ-ի տեղական թիմի ջանքերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն