Արթիկում խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը<br />


Արթիկում խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը

  • 07-09-2010 18:06:00   | Հայաստան  |  Իրավունք

ԱՐԹԻԿ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամներն խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը` կոտրելով խոսափողը եւ տեսախցիկի հենակալը: Հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակվել է ընկերության լրագրողի եւ օպերատորի տեղաշարժը: Բացի այդ, ինչպես նշված է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հաղորդագրությունում, վարչապետն իր հերթին հրաժարվել է պատասխանել ընկերության լրագրողի Գյումրիում ընթացող բնակարանաշինությանը վերաբերող հարցին, որի պատասխանին սպասում են հազարավոր գյումրեցի անօթեւաններ: Թեեւ տեղի ունեցած միջադեպից հետո հեռուստաընկերության լրագրողից բանավոր ներողություն է խնդրել վարչապետի մամլո պատասխանատուն` ասելով, որ տեղի ունեցածը պատահականություն է, «ԳԱԼԱ»-ն հայտարարում է, որ տեղի ունեցածը ուղղակի դիտավորություն է եւ դատապարտում է լրագրողի աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցանկացած փորձ:
Նոյյան տապան  -   Իրավունք