Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
11-10-2018 12:49:28 | Հայաստան | Հասարակություն
2018 թվականի հոկտեմբերի 11-ին, ի պատիվ մեծն շանսոնիե Շառլ Ազնավուրի, «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:
Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից:
Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ: