Աշխարհն ավելի վտանգավոր դառնալու շեմին


Աշխարհն ավելի վտանգավոր դառնալու շեմին

  • 24-10-2018 23:58:05   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 20-ին Ռուսաստանին, առանց ապացույցներ ներկայացնելու, վերստին մեղադրելով միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) խախտման մեջ ու շարունակելով միջազգային հանձնառությունների անտեսման վարքագիծը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս շաբաթվա ընթացքում դուրս է գալու 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած հիշյալ պայմանագրից:
Միանգամայն իրավացի են այն փորձագետները, ըստ որոնց, պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում միջուկային սպառազինության ոլորտում կսկսվի ամենալուրջ ճգնաժամը՝ 1980-ական թվականներից ի վեր:
Ռուսաստանն անմիջապես ու խիստ քննադատությամբ արձագանքեց ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությանը: 
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հոկտեմբերի 21-ի գիշերը ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումը ցավալի բնութագրելով, ասել է. «Այդ քայլից ամենաշատը տուժելու են ԵՄ-ն ու եվրոպական երկրները»: Կարծում ենք, ամեն ինչ շատ պարզ է ասված…
Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռիաբկովի, Թրամփի հայտարարության նպատակը Ռուսաստանին պարտադրելն է զիջումների գնալ: ԱՄՆ-ի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ստորագրած ԽՍՀՄ-ի նախագահ և վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը նույնպես քննադատել է հիշյալ պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելու մտադրությունը՝ այն համարելով սխալ քայլ և անմտություն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄՓՀՀՊ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանն արձագանքելով, ասել է. «Ռուսաստանը կհակադարձի ցանկացած քայլի»:
ՄՓՀՀՊ-ի համաձայն, նշված պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև պետք է ոչնչացնեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։ Պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, անցած ժամանակաընթացքում, հատկապես վերջին շրջանում քանիցս մեղադրել են իրար՝ ՄՓՀՀՊ-ի պահանջները չկատարելու մեջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես քննադատել է ՄՓՀՀՊ-ից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի մտադրությունը և այն անհիմն համարել:
Պեսկովը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է նշված պայմանագրին, ապա հավելել, որ այդ պայմանագրից դուրս գալու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, եթե այն կայացվի, մտահոգիչ է և վտանգում է համաշխարհային խաղաղությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ պայմանագրում նախատեսված են դրանից դուրս գալու պայմանները, և որ ԱՄՆ-ը դեռ որևէ քայլ չի կատարել պայմանագրից դուրս գալու համար:  
Կարևորելով ՄՓՀՀՊ-ին ԱՄՆ-ի հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և շատ լավ հասկանալով Միացյալ Նահանգների կողմից պայմանագրի խախտման դեպքում հատկապես իր գլխին կախված ռուսական պատասխան միջուկային հարվածների վտանգը, Եվրամիությունը երեկ հրապարակած հաղորդագրությամբ ԱՄՆ-ին կոչ է արել մտածել այն հետևանքների մասին, որ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և աշխարհի անվտանգության համար կարող է ունենալ վերոնշյալ պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը: Հաղորդագրության վերջում ընդգծված է, որ աշխարհն առավել ապակայունացնող և անօգուտ սպառազինության մրցավազքի կարիքը չունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը Մոսկվայում ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Ռուսաստանը զարմացած է ԱՄՆ նախագահի ոչ-բարեկամական քայլերից»: 
«Վաշինգտոնի քայլերը բարեկամական չեն»,- «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ասել է ՌԴ նախագահը:
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Պենտագոնի նախկին վերլուծաբան Դանիել Էլեսբերգը հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ ՄՓՀՀՊ-ից, որպեսզի կարողանա միջուկային զենքի արտադրության առջև դրված արգելքը հաղթահարելով, ավելի շատ զենք վաճառել եվրոպական երկրներին: Ըստ նրա, արդյունաբերական-ռազմական լոբբին ԱՄՆ-ի ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններում մեծ ազդեցությոն ունի, և շատ դեմոկրատներ այդ պատճառով համաձայն են նշված պայմանագրից դուրս գալու մասին Թրամփի որոշմանը: Գուցե և այդպես է, սակայն կարծել, թե իր հիշյալ հայտարարությամբ Թրամփը միայն այդ նպատսկն է հետապնդում, առնվազն միամտություն կլինի: ԱՄՆ-ի նման գերտերությունը նման լուրջ հարցերում, որպես կանոն, առաջնորդվում է մի գնդակով մի քանի նապաստակներ խփելու սկզբունքով:
Կարծում ենք, իրավացի են ռուսական այն քաղաքագետները, վերլուծաբանները, փորձագետները, քաղաքական գործիչները, որոնք Թրամփի հայտարարությունը գնահատեցին, նախևառաջ, որպես շանտաժ Ռուսաստանի նկատմամբ, թեև Ջոն Բոլտոնը դա փորձեց հերքել: Թերևս բոլորն էլ հասկանում են, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կայացնի հիշյալ պայմանագրից հրաժարվելու որոշում, ապա դա կնշանակի իր հետ միասին նաև Ռուսաստանին ներքաշել միջուկային սպառազինությունների նոր ու շատ ծախսատար մրցավազքի մեջ, ինչը ՌԴ-ի համար գոնե այս պահին, մեղմ ասած, խիստ անցանկալի է: Հետևաբար այդ որոշումը չկայացնելու համար պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվայից կարող է պահանջել արտաքին գործարքներ կատարելիս, չհրաժարվել դոլարից, ինչը Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում անել, չնայած այն հանգամանքին, որ դա ԱՄՆ-ի տնտեսության համար կարող է նույնիսկ աղետալի լինել (տես այս թեմայով՝ nt.am):
ԱՄՆ-ը կարող է պահանջել նաև արտաքին լուրջ հարցերում (Սիրիա, Իրան և այլն) ինչ-ինչ զիջումների գնալ, իսկ Ռուսաստանի հրաժարման դեպքում պայմանագրից դուրս գալով, ձգտել իր նպատակներից մեկ ուրիշի իրագործմանը՝ Ռուսաստանին միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեջ ներքաշելով, տնտեսապես հյուծել, քայքայել, հասնել ՌԴ-ի փլուզմանը, ինչպես դա կարողացավ անել ԽՍՀՄ-ի պարագայում: Այլ հարց է, թե դա ԱՄՆ-ին որքանով կհաջողվի կամ կհաջողվի՞ ընդհանրապես…
Բացառված չէ, որ Թրամփն իր հիշյալ հայտարարությամբ նպատակ ունի ճնշում գործադրել նաև Եվրոպայի վրա հետևյալ իմաստով՝ եթե չեք ուզում ԱՄՆ-ը հիշյալ պայմանագրից դուրս գա և Եվրոպային գցի կրակը, ապա հրաժարվեք Իրանին առնչվող Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ):
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը երեկ նաև ՄՓՀՀՊ-ի շուրջ բանակցությունների, ըստ էության, քաղաքական առևտրի նպատակով հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջինիս հայտնել նաև, որ Թրամփը բանակցությունների նպատակով ցանկանում է առաջիկայում հանդիպել Ռուսաստանի ղեկավարի հետ: Բոլտոնի և Պուտինի բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում: Թերևս միայն Փարիզում նոյեմբերի 11-ին նախատեսված ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո այդ պետությունների գործողություններից հնարավոր կլինի պատկերացում ունենալ, թե աշխարհն ինչ ուղղությամբ է ընթանալու, թեև ԱՄՆ-ի նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղացնելու է իր միջուկային սպառազինությունը, այլ կերպ ասած, ակտիվացնելու է միջուկային մրցավազքը: Մոսկվան արդեն հայտարարել է, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալն աշխարհը դարձնելու է ավելի վտանգավոր: Նկատի ունենանք, որ դիվանագիտության մեջ ընդունված է առկա իրողությունները և սպասվող զարգացումներն իրականից մեղմ ներկայացնել:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play