Նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հանդիպում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ


Նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հանդիպում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ

  • 05-11-2018 18:27:34   | Հայաստան  |  Սպորտ

Ինչպես հանդիպումների ժամանակ նշել է նախարարի նորանշանակ տեղակալը, հանդիպումների նպատակն է ավելի խորքային ուսումնասիրել ֆեդերացիաների գործառույթները, ծանոթանալ առկա խնդիրներին ու դժվարություններին և օրինականության սահմաններում հնարավորինս արագ գտնել դրանց լուծումները:
 
Այսօրվա հանդիպմանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից (ՀԲՖ) մասնակցել են ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հովհաննիսյանը և գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: ՀԲՖ-ի ներկայացուցիչները խոսել են ընթացիկ տարվա ընթացքում իրականացված ծրագրերի, ինչպես նաև 2019 թվականին նախատեսված կարևոր միջոցառումների մասին: Անդրադարձ է եղել տարբեր տարիքային խմբերում բասկետբոլով զբաղվող երեխաների մարզումների կազմակերպման, ինչպես նաև հավաքական թիմերի՝ միջազգային միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսավորման խնդիրներին:
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արթուր Գևորգյանի հետ քննարկման ժամանակ նախարարի տեղակալն անդրադարձել է ինչպես ծրագրային և ֆինանսական հարցերին, այնպես էլ ՀԲՖ-ի նախագահի ընտրությունից հետո առաջացած դժգոհություններին և այդ առիթով հասարակական հնչողություն ստացած այլ խնդիրների: «Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծվելու են միմիայն օրինականության դաշտում: Բռնցքամարտում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակը նույնպես մեկն է՝ Հայաստանի Հանրապետության օրենքների տիրույթը»,- ասել է Գ. Լոռեցյանը: 
 
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հանդիպմանը ներկա էին ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի հավաքականների գլխավոր մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանը և Հաբեթնակ Կուրղինյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները ներկայացրել են ֆեդերացիայում և հավաքական թիմերի հետ աշխատանքներում ծագած հարցերը, Հայաստանում սպորտային բժշկության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք անմիջական ազդեցություն ունեն թե՛ մարզիկների առողջության, թե՛ ցուցաբերած մարզական արդյունքների վրա: Քննարկված կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում էր մարզիկների՝ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցնելու գործընթացին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ