Փաշինյանը «կպայթեցնի՞» ՀԱՊԿ-ն, թե՞ կսահմանափակվի պարզաբանումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փաշինյանը «կպայթեցնի՞» ՀԱՊԿ-ն, թե՞ կսահմանափակվի պարզաբանումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-11-2018 12:26:27   | Հայաստան  |  Քաղաքական



Ի՞նչ է կատարվում այսօր ՀԱՊԿ-ում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում․ Փաշինյանի կոշտ արձագանքին Բելառուսի նախագահի պահվածքին հետևեց ոչ պակաս կոշտ պատասխան Փաշինյանի հասցեին։ Կարո՞ղ է արդյոք այս միջադեպը մարել, թե՞ կվերածվի հրդեհի։ Համառոտ ներկայացնենք իրադարձությունների զարգացման հաջորդականությունը։
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ  Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո բարձրացվել է նոր քարտուղարի ընտրության հարցը։  Հայաստանը առաջադրում է իր թեկնածուին, ով պաշտոնավարելու է մինչև ժամկետի ավարտը։ Քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ըստ այբբենական կարգի՝  Բելառուսին փոխանցելու տարբերակը, որին կողմ է արտահայտվել Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը։ 
 
Աստանայում կայացած դռնփակ քննարկման մանրամասները ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ՀԱՊԿ-ից դուրս գտնվող երկրի՝ Ադրբեջանի դեսպանին:  
 
«Զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն նման քայլ թույլ տալ: Դա նույնը կլիներ, եթե ես ՀԱՊԿ փակ նիստում եղած քննարկման մասին պատմեի ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի դեսպանին:
 
Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք: Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի, և մեր ԱԳ նախարարը մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպել է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանը:  
 
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի Բելառուսի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հայտարարեց, որ «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»: 
 
«Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: Հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում: Ափսոս: Հուսով ենք ժամանակի հետ կանցնի»,- ասել է Անատոլի Գլազը: 
 
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ վաղուց ակնհայտ է, որ Բելառուսը և Ղազախստանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ներկայացնում են երրորդ երկրի՝ տվյալ դեպքում Ադրբեջանի շահը, որը ոչ մի կապ չունի ՀԱՊԿ-ի հետ: 
 
«Իհարկե վերջին դրսևորումը ես նկատի ունեմ Լուկաշենկոյի վարքագծի, ես դա անվանում եմ հաշվետվություն Ադրբեջանի դեսպանին, դա բոլոր նորմերից դուրս է, որովհետև դա ոչ թե փակ էր արվում, այլ ուղղակիորեն ցուցադրվում էր հանրությանն ու աշխարհին, թե ինչ դիրքորոշում ունի Բելառուսը: Այս տեսակետից ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ դա նոնսենս է»,- «Նոյյան Տապան»-ի թղթացկցի հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը:  
 
Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանը բացառապես իրացնում է իր իրավունքները ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, հետևաբար գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ծավալվող քննարկումներն աբսուրդային են: 
 
«Բելառուսներին հարցը հղել եմ, հիմա ղազախներին եմ տալիս. ասենք Ղազախստանի ներկայացուցիչ գեներալը ճանապարհին մեռավ ժամկետի լրանալուց չորս ամիս առաջ, ուրեմն Ղազախստանը պետք է գործուղի նոր գեներալ, թե պետք է փոխվի: Այսինքն՝ աբսուրդ է այս հարցի քննարկումը: Իրենց վրա եմ ասում, որովհետև դրանք աշխատում են այդ կառույցը վերածել ինչ-որ մի խմբակցության»,- նկատեց Լևոն Շիրինյանը: 
 
Լ. Շիրինյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ճիշտ է գործում, այլև առաջին անգամ է, որ Հայաստանի ղեկավարությունը սողացող քաղաքականություն չի վարում: 
 
Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Բելառուսի նախագահն իր պահվածքով խայտառակել է այն երկիրը, որը ներկայացնում է: 
 
1in.am-ի հետ զրույցում Մարուքյանը նշել է. 
 
«Երբ մենք ասում էինք՝ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, մեզ ասում էին՝ վայ, դուք մեր դաշնակիցներին բան եք ասում: Մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնությունն է. Բելառուսը և մյուս ուժերը ավելի պրոադրբեջանական, պրոթուրքական ուժեր են: Նույնը ԵԱՏՄ-ի հետ կապված ենք ասել. ասել ենք՝ Ռուսաստանի հետ եղեք երկկողմ, ամեն ինչ արձանագրեք, աշխատեք, բայց երբ ներգրավում եք ուրիշ երկրների, դրանք դառնում են Ադրբեջանի, Թուրքիայի լոբբիստները այդ կառույցում»
 
Բելառուսի արտգործնախարարության Փաշինյանին հասցեագրված արձագանքին է անդրադարձել նաև Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 
 
«Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը.
 
ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:
 
Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:
 
Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»:
 
Ըստ հայ փորձագետների՝ ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ կանոնադարությում առկա բացթողումների արդյունք է, որի բացասական հետևանքների կրողը չպետք է լինի մեր երկիրը: Ավելին՝ Հայաստանը, ելնելով սեփական երկրի շահերից՝  պետք է գնա մինչև վերջ և պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 
 
Նշենք, որ այս պահին նշյալ կառույցը ժամանակավորապես ղեկավարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով վստահեցրել է, որ հարցը լուծվելու է ՀԱՊԿ անդամ վեց երկրների ձևաչափով՝ կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը: 
 
Հարցը, ինչպես հայտնի է կքննարկվի դեկտեմբերի 6-ին, սակայն արդյո՞ք այս կայծը չի հրդեհի ամբողջ կառույցը մինչև այդ ժամկետը։ Հետեւենք զարգացումներին։
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական