Ով հանուն ինչի՞ քվեարկեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ով հանուն ինչի՞ քվեարկեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-12-2018 18:42:22   | Հայաստան  |  Հասարակություն
 
Ինչպիսին են եղել 7-րդ գումարման ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համապետական ցուցակը գլխավորող գործիչների ուղերձները քվեարկության օրը,  եւ հանուն ինչի՞ են նրանք քվեարկել։ Ներկայացնում ենք ըստ քվեարերթիկների համարների հերթականության․
 
1․ Հայաստանի հանրապետական կուսակցություն․ Վիգեն Սարգսյան. «Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների: Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես, երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանն ինչ կարելի է անել, այսօր տանը նստելն է»:
 
2.  «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան, գրառում ֆեյսբուքյան էջում․  «Ձայնը չի կարող փոշիանալ։ Ձայնը պատվեր ա, քաղաքացու որոշում՝ պատվիրել մարդկանց խմբի անել էն, ինչ խոստացել են։ Ես, որպես պատվեր ստացող, պետք ա իմանամ՝ էսօր իմ ծրագրին քանի պատվեր կա։ Դրանով ա պայմանավորված լինելու, թե ես ինչ կանեմ վաղը։ Ուրիշ ա 1% պատվերը, ուրիշ ա, երբ այն 15% ա, ուրիշ, երբ՝ 51։ Մինչև էդ ձայնը տեղ չհասնի, մենք դրա մասին չենք իմանա, հետևաբար տեղամասում արձանագրված 1 ձայնն էլ իմաստ ունի»։ 
 
3. ՀՅ Դաշնակցություն կուսակցություն, Արմեն Ռուստամյան. «Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների արդարացման, որպեսզի չհիասթափվի, այլ ունենա իր երազած Հայաստանը: ՀՅԴ-ն այլևս երբեք որևէ կոալիցիայի մաս չի կազմի, եթե չունենա վճռորոշ դեր»:
 
4.«Իմ քայլը» դաշինք, Նիկոլ Փաշինյան, գրառում ֆեյսբուքյան էջում․ «Ի հեճուկս անձրեւի, ձյունի եւ «ընտրագազելների» բացակայության՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»:
 
Իր ընտրությունը կատարելուց հետո նա նաեւ ասել է․ «Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը։ «Ընտրությունների արդյունքում կիմանանք, թե ով է Հայաստանի կառավարության հիմնական ընդդիմադիրը»։
 
5․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան․ «Այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Այսօր մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու: Հետևաբար բոլորս անելիք ունենք այսօր»,
 
6․ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, Լեւոն Շիրինյան․ ««Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»։
 
7․ «Ազգային առաջընթաց» կուսակցություն, Լուսիներ Հարոյան․ «Քվեարկել եմ հանուն բոլորի պայծառ ապագայի»։
 
8․ «Մենք» դաշինք, Արմեն Զ․ Սարգսյան․ «Շատ լավ տրամադրություն ունեմ: Գիտե՞ք որքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց գումար վերցնելու ու ճնշումների՝ հանգիստ իր կամքով գա ընտրության:  Արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ իր տեղը կնըկնի»»։
 
9․ «Օրինաց երկիր» կուսակցություն, Արթուր Բաղդասարյան․ «Քվեարկել եմ հանուն Հայաստանի զարգացման, նորարական ծրագրերի, նոր աշխատատեղերի ստեղծման»:
 
10․ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն, Վարուժան Ավետիսյան․  «Կատարել եմ իմ ընտրությունը հանուն ինքնիշխան, հզոր հայերի համար հզոր հայրենիք դարձող Հայաստանի: Այս ընտրությունը միջանկյալ փուլ է, որը մեզ կտանի դեպի արդար, ազատ, հավասար և թափանցիկ ընտրություններ»:
 
11․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Գագիկ Ծառուկյան․ Լրագրողների հարցին, թե ինչու է սեփականատեր լինելով որոշել մտնել խորհրդարան ու զբաղվել քաղաքականությամբ՝ պատասխանել է․ Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, ովքեր ոչ պաշտոնի կարիք ունեն, ոչ փողի: Նրանք սիրում են իրենց հայրենիքը, և ուզում են լավ բան անել, օրինակ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
 
Ընտրությունների օրն իր կարծիքն է հայտնել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով, մասնավորապես, ասել է․ «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է»: 
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն