Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները


Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները

  • 14-12-2018 17:57:34   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները,  առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: 
Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ներմուծվող լոլիկի որակի վերահսկողությանը և իրացմանը տեղական շուկայում: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումով ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն, հատուկ ուսումնասիրություններ են իրականացվել ներմուծվող լոլիկի համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով: 
 
Այնուհետև ջերմոցատերերը ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Առանձին անդրադարձ է կատարվել ներմուծման իրավական մեխանիզմների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Հնչել են մի շարք առաջարկներ ոլորտի բարելավման և կարգավորման ուղղությամբ: 
Քննարկվել են նաև ջերմատներում այլընտրանքային մշակաբույսերի մշակման կազմակերպման, արևային էներգիայի օգտագործման համակարգերի ներդրման հնարավորությունները:  
Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, օպերատիվ արձագանքել բոլոր խնդիրներին և ուսումնասիրել բոլոր առաջարկները, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play