Շնորհավորական ուղերձներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին


Շնորհավորական ուղերձներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

  • 15-01-2019 15:46:39   | Հայաստան  |  Քաղաքական

Շնորհավորական ուղերձ 
Հայաստանի Հանրապետության վարչապետ 
Նիկոլ Փաշինյանին
 
Մեծահարգ պարոն Փաշինյան
 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շնորհավորում է Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
 
Թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերին հայտնեցինք այն կարծիքը, որ «Եթե 1988-ի շարժումը ազատագրեց Արցախը, ապա 2018-ի շարժումը ազատագրելու է հայությունն ու Հայաստանը»: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն ու դրանց արդյունքները, ապա եւ Ձեր ընտրվելը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ու նոր կառավարության ձեւավորումը նշանակում են, որ հայության ու Հայաստանի ազատագրման գործընթացի առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: 
Կրկին շնորհավորում եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ազգային – պետական նշանակության Ձեր բոլոր ձեռնարկումներին այդ կարեւոր գործում:  
 
Լիահույս ենք, որ Ձեզ հետ  միասին նախանձախնդիր կլինենք համայն հայության մի կարեւոր հատվածի՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ լիիրավ անդամ դիտարկելու գործում, որով, վստահ ենք, ամենամոտ ապագայում Հայաստան–Արցախ-Սփյուռք եռամիասնությանը կմիանա նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր ազգային-պետական կառույցներով՝ ճանապարհ բացելով Միացյալ Հայաստանի կերտման համար։ 
 
Ձեր եռանդն ու կամքը թող աննվազ լինի Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման դժվարին ճանապարհին։ 
 
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
 
14.01.2019 թ.
 
Viber +374 98 554054
 
 
Շնորհավորական ուղերձ 
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ 
Արարատ Միրզոյանին
 
Մեծահարգ պարոն Միրզոյան
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր նորընտիր պատգամավորներին:
 
Թավշյա հեղափոխության առաջին փուլի հաջող իրականացման արդյունքում այլեւս ունենք աշխարհին հայտնի ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն եւ խանդավառ ու լիահույս աշխարհասփյուռ հայություն, որի ուշադրության, ձգտումների ու նպատակների կիզակետում է հայտնվել Մայր Հայաստանը։
 
Տեղեկացնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվեցին ուղիղ եւ գաղտնի քվեարկությամբ, համացանցում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի տարածքային գրասենյակներում: Մասնակցեցին 51.505 ընտրող, 47 երկրից, որոնք միասնական ցուցակով ընտրեցին 101 պատգամավոր: 
2018 թ. սեպտեմբերի 29-ին 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի նախագահին եւ 15 Մշտական հանձնաժողովների ղեկավարներին, ինչպես նաեւ ընտրեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Ռադիկ Խամոյան եւ հաստատեցին վարչապետին՝ Տիգրան Փաշաբեզյան ու կառավարության նոր կազմը: 
Այսպիսով ամբողջությամբ ձեւավորվեցին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական եւ գործադիր մարմինները: 
 
Առաջարկում ենք գործնական քայլեր ձեռնարկել ձեւավորելու եւ ամրապնդելու համար Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության միջեւ միջպառլամենտական կապերը: Այսինքն, համայն հայության մի կարեւոր հատվածին՝ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայաստանի հայերին դիտարկել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ, իրականացնելու համագործակցություն եւ փոխօգնություն, ինչպես նաեւ համաձայնեցված դիրքորոշում միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:
Վստահ ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր ազգի՝ արդեն հարյուր տարուց ավելի առկախված սրբազան նպատակների իրականացմանը։ 
Կրկին շնորհավորում եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ազգային – պետական նշանակության Ձեր բոլոր ձեռնարկումներին այդ կարեւոր գործում:  
 
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
 
14.01.2019 թ.
 
Tel./Viber: +79613072044
 
Նոյյան տապան  -   Քաղաքական