Նարգիլեի բիզնեսով զբաղվողներն անիմաստ են համարում ԱՆ-ի հետ բանակցությունների գնալը և իրենց պայքարը շարունակելու են այլ ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նարգիլեի բիզնեսով զբաղվողներն անիմաստ են համարում ԱՆ-ի հետ բանակցությունների գնալը և իրենց պայքարը շարունակելու են այլ ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-01-2019 17:59:43   | Հայաստան  |  Հասարակություն



 
Առողջապահության նախարարության հետ բանակցությունների գնալն անիմաստ է, և մենք մեր պայքարը շարունակելու ենք այլ ուղղությամբ: 
 
Նման դիրքորոշում հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին  Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները: 
 
Մասնավորապես, Գոռ Գասպարյանը նշեց, որ իրենք փորձել են հանդիպել և բանակցել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի հեղինակների հետ, սակայն մշտապես ստացել են իրարամերժ պատասխաններ: 
 
«Այսինքն, եթե մի կառույց երեք-չորս տարբեր, իրար հակասող կարծիքներ է հնչեցնում, մենք ուրիշ տարբերակ չունենք, քան մեր պայքարը շարունակենք այլ ուղղությամբ՝ շրջանցելով կառույցը»,- ընդգծեց նա: 
 
Գ. Գասպարյանի գնահատմամբ՝ անթույլատրելի է ծխախոտը նարգիլեի հետ նույն հարթության վրա դնելը, քանի որ ի տարբերություն ծխախոտի, նարգիլեն մշակույթ է ներկայացնում:  
 
Նրա խոսքերով՝ իրենց պահանջն է հստակ տարանջատում դնել նարգիլեի և ծխախոտի միջև, քանի որ դրանք բացարձակապես տարբեր երևույթներ են: 
 
Ժորա Փանոսյանն իր հերթին ընդգծեց, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը եթե ներկայիս տեսքով ընդունվի, ապա պետությունը կկորցնի 1000-ից ավելի աշխատատեղ, պետական բյուջե վճարվող հարկերը, նաև բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա:     
 
«Ոլորտը նոր է զարգանում, բայց ամենևին էլ նոր չէ: Ես համակարգում եմ «Նարգիլե սիրողների միությունը», որի անդամներն արդեն 17-18 տարի է, ինչ ՀՀ-ում ծավալում են նման բիզնես գործունեություն և կատարում են ներդրումներ»,- նշեց Ժ. Փանոսյանը: 
 
Տիգրան Ասրյանի փոխանցմամբ՝ 2018 թվականին Հայաստան այցելած մոտավորապես 686 հազար զբոսաշրջիկներից 500 հազարը ռուսներ են եղել, ովքեր բացի պատմամշակութային վայրեր հաճախելուց, նաև սիրում են օգտվել ժամանցային վայրերից, այդ թվում նարգիլե սրահներից: 
 
«Մենք կարծում ենք, որ եթե նման ժամանցի վայրերն արգելեն, ապա ռուս տուրիստների մոտ Հայաստան գալու ցանկությունը կպակասի»,- նկատեց նա: 
 
Նարգիլեի բիզնեսով զբաղվողները շեշետեցին՝ քանի որ առողջապահության նախարարությունն իրենց բողոքի ձայնը չի լսում, ուստի իրենք դիմելու են ՀՀ կառավարությանը և վարչապետին:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն