Բանակում ծառայությունն ավարտած սպաները կհամախմբվեն «Սպաների համահայկական միության» շուրջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բանակում ծառայությունն ավարտած սպաները կհամախմբվեն «Սպաների համահայկական միության» շուրջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-01-2019 19:19:14   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Իրավիճակն այնպիսին է, որ պահանջում է հայ ազգի համախմբում, և առաջին հերթին հայ սպաների միջև»,- հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ռազմական-քաղաքական գործիչ, «Սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի ղեկավար Վահան Շիրխանյանը: 
 
Ըստ նրա՝ սպաները պատերազմ են անցել, ունեն ռազմական գործողությունների ղեկավարման հմտություններ, ցման երդվել են ծառայել ազգին և պատրաստ են առաջին իսկ կոչով համախմբվել գաղափարի շուրջ: 
 
Վ. Շիրխանյանի փոխանցմամբ՝ արտերկրում ապրող հայ սպաներն արդեն իսկ իրենց հետ կապնվել են և ողջունել նման կազմակերպություն ստեղծելու գաղափարը: 
 
«Ունենալու ենք կայք, որտեղ տեղադրվելու է անդամագրման դիմումը, և մեկ ամիս հետո կարծում եմ՝ մենք կգումարենք առաջին համագումարը, որին կհրավիրենք բազմաթիվ սպաների՝ մոտ 1000 մարդ»,- նշեց նա՝ հավելելով, որ նախատեսված համագումարում կհաստատեն ծրագիրը և կսկսեն աշխատանքները: 
 
Վ. Շիրխանյանի խոսքերով՝ ազգի համախմբումն օրվա հրամայականն է, իսկ սպաների միությունը մյուս միություններից տարբերվելու է նրանով, որ նպաստելու է հայ սպայական կորպուսի կայացմանը, ինչն առաջնահերթ խնդիր է բանակաշինության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք սպաների միության ստեղծումը պայմանավորված է Արցախյան հարցում ինչ-որ բանի նախապատրաստվելով՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, մասնավորապես, նշեց. 
 
«Արցախյան հարցում ոչ մի նոր բան տեղի չի ունենում, Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է մնացել, նա սպառազինվում է, շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: Մենք չենք կարող ասել՝ այսօր եկեք հանգիստ գնանք տուն, ամեն ինչ ավարտված է, պատերազմն ավարտված է, հաղթանակը մենք ենք տարել և հանգիստ եղեք: Այստեղ և դրսում ապրող սպաներին մենք չենք կարող նման բան ասել, որովհետև հաղթանակն արձանագրված չէ քաղաքական, դիվանագիտական հարթություններում. Մենք հաղթել ենք դրսում, ներսում՝ պարտվել ենք, որոնց ընթացքում առաջացան բազմաթիվ խնդիրներ»: 
 
Ավագ լեյտենանտ, քաղաքական վերլուծաբան, ռազմական լրագրող Հրազդան Մադոյանի կարծիքով՝ բոլոր երկրներում սպաները ներկայացնում են մի խավ, որը պատրաստ է ցանկացած պահի պաշտպանել սեփական երկիրը, հետևաբար ժամանակակից պատերազմներին պետք է պատրաստվել ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակում: 
 
Նրա համոզմամբ՝ սպաները ռազմական գիտելիքների կրողներ են, ովքեր ի զօրու են բանակի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծել: 
 
Ստորև ներկայացնում ենք «Սպաների համահայկական միություն» ստեղծելու մասին հայտարարությունն ամբողջությամբ. 
 
«Հայորդի սպաները 
 
-Նկատի ունենալով հայության բնականոն գոյատևմանը սպառնացող վտանգների ուժգնացման միտումները 
 
-Գիտակցելով ազգի առջև ծառացած ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային և տնտեսական մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հրամայականը 
 
-Հաշվի առնելով հայ ազգի պատմական անցյալից բխող եզրահանգումները և ներկայիս բազմաշերտ վտանգներին դիմակայելու համար աշխարհասփյուռ հայության ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունը 
 
-Համոզված լինելով, որ հզոր պաշտպանական համակարգի ստեղծումը ժամանակի պահանջն է և հրամայականը 
 
-Փաստելով, որ հայ սպան կոչված է արժանապատվորեն կրելու ազգի և պետության հանդեպ ունեցած իր պատասխանատվությունը 
 
hռչակում են «Սպաների Համահայկական Միություն» կազմակերպության ստեղծումը և կոչ անում բոլոր հայ սպաներին անդամագրվել Միությանը»: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն