Որդուս սպանությունը պատվիրած Լուսինե Գինոսյանը զբաղվում է նաև մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքով. Ռուզաննա Ադանալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Որդուս սպանությունը պատվիրած Լուսինե Գինոսյանը զբաղվում է նաև մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքով. Ռուզաննա Ադանալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-02-2019 19:37:41   | Հայաստան  |  Հասարակություն



 
Որդուս սպանությունը պատվիրած Լուսինե Գինոսյանը նաև զբաղվում է մանկատների երեխաների և նրանց օրգանների, թմրանյութերի, ադամանդե քարերի ապօրինի վաճառքով: 
 
Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց 2014 թվականին Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը: 
 
Ըստ նրա՝ հունվարի 10-ին ներկայումս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում գործում է մաֆիա, որը զբաղված է մանկատների երեխաների և նրանց օրգանների վաճառքով, կեղծ ինֆորմացիա չէ: 
 
Ավելին՝ Ռ. Ադանալյանի խոսքերով՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն պնդումները, թե նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքն անձամբ 2018 թվականի հուլիսի 23-ին ԱԱԾ-ում հաղորդում է տվել հանցագործության մասին հենց մանկատների երեխաների ու վերջիններիս օրգանների վաճառքի դեպքերի վերաբերյալ:   
 
«Գյումրի քաղաքի Շիրակի մարզի մարզպետարանի «Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի» նախկին պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների: Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է նաև, որ կատարված ենթադրյալ հանցագործությանը ներքաշված են այլ պաշտոնատար անձիք՝ բժիշկներ, մանկատների տնօրեններ: Ներկայացվել է հաղորդմամբ նշված անձանց տվյալները՝ ընդհուպ մինչև բջջային հեռախոսահամարները, և այլ տեղեկություններ, որոնք կապված են Լուսինե Գինոսյանի հետ, և մասնավորապես, այն մասին, որ այս կինը, բայցի այն, որ վաշխառության շրջանակներում պատճառել է նյութական վնաս, այլև հանդիսանում է որդուս սպանության պատվիրատուն»,- ընդգծեց Ռ. Ադանալյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ԱԱԾ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց տևական ժամանակ անց հեռախոսազանգ է ստացել Շիրակի մարզի ԱԱԾ մարզային վարչությունից ոմն Կամո Ներսիսյանի կողմից և հրավիրվել պարզաբանումներ տալու: 
 
Եվս մեկ ամիս անց ըստ Ռ. Ադանալյանի՝ կրկին հեռախոսազանգ է ստանում, այս անգամ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից, որտեղից հայտնում են, որ իր ԱԱԾ ներկայացրած հուլիսի 23-ի հաղորդումը փոխանցվել է իրենց, որպեսզի քննության առնեն:  
 
Նրա գնահատմամբ՝ ԱԱԾ ներկայացված հաղորդումը ոստիկանություն ուղարկելը ոչ իրավաչափ է, և որ ԱԱԾ-ը պարզապես խուսափել է քննության առնել երեխաների վաճառքի վերաբերյալ իր հաղորդումը: 
 
Փետրվարի 20-ին Ռ. Ադանալյանը դատարանում կվիճարկի ոստիկանության Մուշի բաժնի կողմից կայացված այն որոշումը, որով մերժվում է վերջինիս ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, իբրև թե հանցակազմի բացակայության պատճառով:   
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն