Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին

  • 13-02-2019 20:37:22   | Հայաստան  |  Քաղաքական

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին: 
 
Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Անգելիդիսի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը: 
Սավաս Անգելիդիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը ևս մեծապես  կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի շարունակական զարգացումը: Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են 2019 թվականի համագործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը: 
 
Զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես, համատեղ ծրագրերում տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններին, կոնկրետ նախագծերի շուրջ քայլերի իրականացմանը, ռազմական կրթության ուղղությամբ տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:    
 
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում ցուցաբերած դիրքորոշումների համար: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և հավելել, որ դրանք կնպաստեն տարբեր ուղղություններով համագործակցության խթանմանը: Վարչապետ Փաշինյանը Սավաս Անգելիդիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական