Կարևոր է խոսույթի և գործողությունների ներդաշնակությունը, հակառակ դեպքում "արտաքին քաղաքական պոպուլիզմի" մասին մեղադրանքներն իրենց սպասեցնել չեն տա. Քաղաքագետ


Կարևոր է խոսույթի և գործողությունների ներդաշնակությունը, հակառակ դեպքում "արտաքին քաղաքական պոպուլիզմի" մասին մեղադրանքներն իրենց սպասեցնել չեն տա. Քաղաքագետ

  • 27-02-2019 17:58:33   | Հայաստան  |  Քաղաքական

ՌԴ ԴԽ-ում ՀՀ ԱԺ խոսնակի ելույթի բովանդակությունը և դրանում արված կարևոր շեշտադրումները, ինչպես նաև ՀՀ վարչապետի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում հայ-իրանական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարի մասին արտահայտած մտքերը թույլ են տալիս նշել, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, գոնե այս պահին խոսութային մակարդակում, տեղի են ունենում մարտավարական (տակտիկական) ճշգրտումներ, որոնց անհրաժեշտության մասին խոսվել է դեռ վաղուց։ 
Սա հաստատում է այն թեզը, որ ներքին բարձր լեգիտիմությունը միջազգային հարաբերություններում պետության համար ավելի ինքնուրույն դիրքերից ներկայանալու հիմքեր է ստեղծում` ավելացնելով նրա գործնական ինքնիշխանության չափը` որպես պետական շահերի առաջխաղացման կայուն հնարավորություն։
Այս գործընթացի տևականության և արդյունավետացման նպատակով անհրաժեշտ է անել հնարավորինը ներքին լեգիտիմության անկում չունենալու համար, ինչպես նաև` ցուցաբերել բացառապես արհեստավարժ մոտեցում, ինչը պահանջում է նախ` համապատասխան քաղաքական շահ, դրա արդյունքում ձևավորված քաղաքական կամք, որը տեսանելի է, և ապա` կարողություն այս ամենը գործնականացնելու համար։ 
Հետևապես` տեղին է հիշել արտաքին քաղաքականության մեջ հաջողելու 4 կարևոր գործառույթները` 
1. անել,
2. ստիպել, համոզել, որ անեն,
3. հրաժարվել անելուց,
4. խոչընդոտել, որ անեն։
 
Այս ամենը պետք է զուգորդվի "փափուկ և/կամ խելացի ուժի" գործադրման գործիքակազմով։
 
Այս պարագայում հաջողելու համար չափազանց կարևոր է խոսույթի և գործողությունների ներդաշնակությունը։ Հակառակ դեպքում "արտաքին քաղաքական պոպուլիզմի" մասին մեղադրանքներն իրենց սպասեցնել չեն տա։
 
Էմիլ Օրդուխանյան

Քաղաքագետ

 

 

 

 

 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական