Պաշարված և վտանգված է «Արգիչի» ՓՀԷԿ-ը. Բաց նամակ ՀՀ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պաշարված և վտանգված է «Արգիչի» ՓՀԷԿ-ը. Բաց նամակ ՀՀ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-03-2019 15:14:23   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն



ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 
Մեծարգո պարոն Վարչապետ
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, 60-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: 
 
Եվ չնայած դրան, այսօր սեփականության իրավունքը խիստ վտանգված է, որի վառ ապացույցն է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերջին Գետաշենում տեղի ունեցող դեպքերը, որտեղ դրամաշորթության սպառնալիքների և սեփականության տարածք ապօրինի ներխուժման, ինքնիրավչության, հակաօրինական և այլ արատավոր դրսևորումների ներքո ուղիղ հարված է հասցվում սեփականությանն ու գործարարությանը: Եվ այս ամենը նախաձեռնված է հակահեղափոխական հայացքներով և կոնկրետ գործողություններով` միջին դասի չինովնիկների խավի կողմից, որոնք դեռևս պատրաստ չեն ապրել Նոր Հայաստանի արժեքներով և շարունակում են վատթարացնել արդեն իսկ արմատացած արատավոր պրակտիկան:  
 
«Հիդրո Կորպորացիա» ՓԲ Ընկերությունը («Արգիչի» փհէկ) (այսուհետ՝ Ընկերություն) հիմադրվել է 2006 թվականին: Այն իր նշանակությամբ և կարևորությամբ այսօր առանցքային մեծ դերակատարում ունի ինչպես Գեղարքունիքի մարզի, այնպես Հայաստանի համար։ Այն տարբեր գնահատականների համաձայն այսօր ներառված է հայաստանյան լավագույն տաս փոքր հիդրոկայանների շարքին, որոնք անցել են բոլոր բնապահպանական և լիցենզավորման պահանջները, հատկապես՝ հանրապետությունում առաջիններից է, որն անցել է  Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի ծրագիրը (ՄԶՄ/CDM) - Clean Development Mechanism (CDM), որը Հայաստանում հաստատվել և իրականացվել է ՄԱԿ ԿՓՇԿ Քարտուղարության Գործադիր մարմնի կողմից։ Հիդրոկայանի դրվածքային հզորությունը 9720 Կվտ է: Այն ներառված է Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոէլեկտրակայանների հնգյակում՝ տարեկան արտադրելով միջինը մոտ 27.5 մլն կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որը Հայաստանում դասվում է արտադրվող ամենաէժան էլեկտրաէներգիայի շարքին։ Ընկերությունը ստեղծման օրվանից մինչ օրս պետությանը վճարել է 937,036,976 ՀՀ դրամ ԱԱՀ, 292,595,000 եկամտային հարկ, սոցվճարներ և պետտուրքեր: Ընկերությունը, բավական մեծ կարևորություն տալով Արգիչի գետին՝ իբրև Սևանա լիճը համալրող կարևորագույն հանգուցին, հատուկ ուշադրությամբ և զգուշությամբ է վերաբերվել ինչպես կառուցաշինարարական և շահագործման աշխատանքներին, այնպես էլ մշտապես հետևել է դրանց անվտանգության խնդիրներին և հատկապես բնապահպանական նորմերի պահպանման պահանջներին՝ պատշաճ մակարդակով ապահովելով իր հարկային և պետական բոլոր պարտավորությունները։ Այն հատկապես խորին մեծ հարգանքով        է վերաբերվում  համայնքային վարչական շրջանների բնակիչներին, իր հնարավորությունների սահմանում օգնելով և աջակցելով տարբեր սոցիալական և հանրային խնդիրների հաղթահարման գործում, մասնավորապես՝ համայնքներում ճանապարհների վերանորոգման, մանկապարտեզներին և սոցիալական կարիք ունեցող բնակինչներին օգնության և օգնության միջնորդության հարցերում։  
 
 
Հարգարժան պարոն Վարչապետ
 
 
Ձեզ ենք դիմում մի շատ կարևոր հարցով, որը, ըստ էության, մեծ հարված կարող է հասցնել երկրում` հատկապես սեփականության իրավունքին, անվտանգությանը և ձեռներեցությանը: Այն հղի է ճգնաժամային հետևանքներով, քանի որ ունի պարբերաբար կրկնվելու հաճախականություն, որը ներկա պահին խիստ սպառնալիքների ներքո դառնում է անվերահսկելի և պայթունավտանգ: Խոսքը վերաբերվում է արատավոր մի երևույթին, որը, ըստ էության, սպառնում է Նոր Հայաստանի արժեքներին կոնկրետ հարվածելու վտանգավոր միտումով։ Այն, ինչպես վերը նշվեց, նախաձեռնվել է Հայաստանում դեռևս գործող միջին դասի չինովնեիկների խավի կողմից և սաբոտաժի ամենավտանգավոր դրսևորումներով պայմանավորված՝ այսօր հակահեղափոխական լուրջ ալիք է նախանշում՝  ուղղված խարխլելու թավշա հեղափոխության և ժողովրդավարության առողջ գաղափարախոսությունը և հիրավի իրավական պետություն կառուցելու պատրաստակամությունը։ Այդ ամենի ամենաթարմ օրինակը հանդիսանում է վերջին օրերին Վերին Գետաշենի համայնքապետի և մի շարք գյուղացիների կողմից կազմակերպված անօրինական գործողությունները։ Ըստ էության, չկարողանալով լուծել իր վրա դրված պարտականությունները, որոնք ստանձնել է նախընտրական շրջանում բավական մեծ բոցաշունչ խոստումների և պարտավորություններ ստանձնելու արդյունքում, հատկապես՝ համայնքի ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների վերանորոգման, գյուղացիների սոցիալական վիճակի բարելավման, հարկահավաքության ապահովման և այլ խնդիրներով, սույն համայնքապետը սկսել է անօրինական գործողություններ իրականացնել՝ խառնաշփոթ ստեղծելով համայնքում, հավաստիացնելով տեղի բնակչությանը նրանում, որ համայնքում գործող «Արգիչի փհէկ»-ից (ներկայացնելով այն որպես լավ զարգացող բիզնես) կարելի է գումար կորզել և հեշտ ճանապարհով ապահովել իր նախընտրական խոստումները։ Արդյունքում, գումար հայթայթելու հեշտ ճանապարհի գաղափարը սերպանելով՝ վերջինս կարողացել է համոզել մի շարք գյուղացիներին, կազմել է հիդրոէլեկտրակայանից գումար շորթելու իր անօրինական պլանը։ Մասնավորապես, կատարել է հաշվարկներ կայանի տուրբինների արտադրողականության վերաբերյալ և ըստ էության ներկայացրել Ընկերության տնօրինությանը անօրինական պահանջներ՝ փորձելով դրամաշորթել ոչ պակաս 250 մլն ՀՀ դրամ՝ պարտավորեցնելով շարունակաբար այն կատարել յուրաքանչյուր տարի 50 մլն ՀՀ դրամի տեսքով։ Այդ ամենի մասին է վկայում ստորև ներկայացված պահանջագիրը, որը ոչ միայն որևէ իրավական պարտավորություն չի ենթադրում, քանի որ Ընկերությունը չունի որևէ տեսակի իրավական պարտավորություն համայնքին գումար վճարելու, այլ այն որակվում է որպես դրամաշորթություն՝ չնայած նրան, որ Ընկերությունը, մարդասիրական և հայրենանվեր գործունեությունից, բազում անգամ աջակցություն և օգնություն է ցուցաբերել համայնքի զարգացման գործում՝ այդ թվում ոռոգման համակարգերի կայացման, ջրամատակարարման բարելավման ուղղությամբ։ Եվ Ընկերության համար առնվազն անհասկանալի է նման անօրինական դրսևորումները․ մի կողմից համայնքը, ինչպես նաև այլ համայնքներ դիմում են Ընկերությանը ոռոգման համակարգում օգնության և աջակցության հարցում, մյուս կողմից՝ ի դեմս սույն համայնքապետի դրամաշորթությամբ են զբաղվում՝ պահանջագիր ներկայացնում, որը խստորեն դատապարտելի է։ Այդ մասին նույնպես ստորև փաստաթուղը ներկայացված է։ 
 
 
Հարգելի պարոն Վարչապետ,
Արդեն մի քանի օր է վերոնշյալ համայնքապետի ինքնիրավչական և խառնակիչ գործողությունների պատճառով Ընկերության հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքները՝ կրելով ահռելի ֆինասնական կորուստներ։ Բանը հասել է նրան, որ սույն միջին դասի չինովնիկը հրահրել է պաշարել և բեռնազավթել հիդրոէլեկտրակայանը, մուտք գործել սեփականություն հանդիսացող տարածք, սպառնալ աշխատողներին, պարտադրել գումար վճարել, վնասել և ոչնչացնել գույքը՝ ահ ու սարսուռ տարածելով նրանց վրա, պատճառելով վնասներ և   թողնելով անդառնալի հետևանքներ,  որոնց մասին են վկայում սույն տեսաձայնագրությունները։                                    //www.youtube.com/watch?v=OsDv_oVF_zY https://www.youtube.com/watch?v=x5jKq197hsg)։ 
 
Ընկերության ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունեցել համայնապետի, համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի հետ։ Ստեղծված իրավիճակում Ընկերությունը, չհանդուրժելով դրամաշորթության արատավոր դրսևորումները, ինչպես նաև սեփականության հանդեպ ոտնձգություններն ու կրած կորուստները, ինչպես նաև զգալով հասուցացող վտանգի մասին՝ դիմել է ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Դատախազություն՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Ի հավելում տեղեկացնենք, որ, չնայած դրան, դեռևս հիդրոէլեկտրակայանը պաշարված է անօրինակություն տարածող համայնապետի ներկայացուցիչների կողմից, ինչի արդյունքում այն չի գործում արդեն 5 և ավել օր՝ կրելով մեծ ֆինանսական կորուստներ, որոնք ակռելի մեծ վնաս են պատճառում Ընկերությանը՝ հատկապես հարկային և վարկային պարտավորություններն իրականացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է «Արգիչի» ՓՀԷԿ («Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն) փոքր հիդրոկայանի գործունեությանը, որն այսօր առավել քան վտանգված է, իրեն հերթին վտանգված է նաև KFW Գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկը, որի մարման համար Ընկերությունը պարտավորություն է վերցրել: Ըստ էության, այսօր վերոնշյալ հանցագործության և ապօրինությունների պատճառով  Ընկերության գործունեությունը վտանգի տակ է, իսկ դա նշանակում է, որ այն կարող է կրել համատարած նշանակություն՝ սպառնալով Սահմանադրությանը և սեփականության իրավունքին։ 
 
Խնդրում ենք Ձեր միջնորդել նման  կարգի անօրինություններին վերջ դնելու  համար, հակառակ դեպքում զոռբայությամբ, ամբոխավարությամբ և անարխիայով զուգորդվող նմանատիպ չարաբաստիք երևույթների շարունակական ընթացքը հղի է ամենավտանգավոր հետևանքներով, ինչն ուղիղ հարված է ոչ միայն իրավական պետության հիմքերին, ժողովրդավարությանն ու իրավունքին ընդհանրապես, այլ նաև ուղիղ հարված է  ազգային անվտանգությանն ու ազգային շահերին, հակառակ դեպքում ժամանակակից քաղաքակրթության մեջ այն որևէ  ձև տեղ չունի.  տեղ չեն կարող ունենալ նման կարգի արատավոր դրսևորումները, որոնք ինքնիրավչության, դրամաշորթության, ոտնձգության և այլ հակաօրինական լուրջ սպառնալիքներով և գործողություններով պետք է պայմանավորված լինեն: 
 
 
Ամենայն հարգանքով՝
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ տնօրեն 
Էմիլ Միրզոյանից
07.03.2019

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0001, Սայաթ-Նովայի պող., 19 շենք, սեն.7, հեռ.՝ +374-10-563448,  +374-93-277231

Լուսանկարը՝ Էկոլուրի

 

 

 
 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն