1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 98-րդ տարելիցի առթիվ` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը


1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 98-րդ տարելիցի առթիվ` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը

  • 15-03-2019 13:04:54   | Ադրբեջան  |  Ակնարկներ

1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց  ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու և նրան անկախությունից զրկելու հետևանքները:
 
Այդ պայմանագրով և նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց  պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:
Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝  Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաև հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:
Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման և Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը:
Դրանք միջազգային իրավունքին հակասող ակտեր են և իրականության մեջ իրավական ուժ չունեն, մինչդեռ Հայաստանի սուբյեկտության, տարածքի և սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը և Վիլսոնյան իրավարար վճիռը, լեգիտիմ միջազգային-իրավական ակտեր են և պետք է հիմք ու ճանապարհ դառնան Հայաստանի վերջնական ապագաղութացման ու դեօկուպացիայի համար:
Այս գործընթացն արդեն սկսվել է ԽՍՀՄ լուծարմամբ և Արցախի մի մասի նկատմամբ հայկական իրավազորության հաստատմամբ: Մարզի կարգավիճակով Արցախի ներառումը ՀՀ կազմի մեջ, ապա նաև ՀՀ նկատմամբ ռազմական ագրեսիայի պլացդարմի վերածված Նախիջևանի հարցի լուծումը, նույնպես պետք է ի կատար ածվի այդ ապօրինի պայմանագրերի միջազգային-իրավաքաղաքական գնահատականի և դրանից բխող գործընթացների համատեքստում, ինչը նաև կամրագրի տարածաշրջանի հակահայ ճարտարապետության կազմալուծման հերթական փուլը:
Միևնույն ժամանակ՝ այս համատեքստում Հայաստանի սուբյեկտության, նրա տարածքի ու սահմանների վերաբերյալ իրավապատշաճ ակտերի կատարումը բավարար միջազգային-իրավական ռեսուրս է գոյացնելու մեր ազգային անվտանգության ապահովման և պետության կայացման համար:
 
Համոզված ենք, որ միայն նշված ազգային ռազմավարությամբ հնարավորություն կստեղծվի Հայաստանի սուբյեկտության, տարածքի ու սահմանների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերին համապատասխան սկիզբ դնելու տարածաշրջանի նոր՝ հայանպաստ ճարտարապետության:
 
 
 
Նոյյան տապան  -   Ակնարկներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play