«Արամայիս Աղամալյանի» թատերախումբը հայրենիքում է


«Արամայիս Աղամալյանի» թատերախումբը հայրենիքում է

  • 25-07-2010 21:23:41   | Հայաստան  |  Մշակույթ
Թեհրանի (Իրան) հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Արամայիս Աղամալյանի» թատերախումբը հուլիսի 23-ին Երեւանի Երաժշտական կամերային պետական թատրոնում հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց Արթուր Միլերի «Իմ բոլոր զավակները» բեմադրությունը: Թատերգը պատմում է Ջոու Քեյլրի մասին, որի գործարանում պատրաստվում են օդանավի շարժիչներ: Իր շահից ելնելով` նա չի վարանում ճեղքված շարժիչները եւս հանձնել օգտագործման, որի հետեւանքով զոհվում են 21 օդաչուներ, այդ թվում եւ Քեյլրի որդին: Ինչպես մեզ հետ հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց բեմադրիչ Վահագն Ազիզյանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում թատերախումբը հանդես է գալիս արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ 2008 թվականին նրանք հանդես են եկել Արմավիրում, իսկ այս տարի արդեն Երեւանում: Վ. Ազիզյանի խոսքերով Երեւանում հանդես գալը եղել է իրենց երազանքը, այդ պատճառով էլ հուզմունքը չափազանց մեծ է. «Հատկապես մեզ` իրանահայերիս համար հայրենիքում հանդես գալը եղել է մեծ երազանք, մենք մեր արվեստը միշտ ունեցել ենք, սակայն երբեք առիթ չենք ունեցել հայրենիքում հանդես գալ»: Դերասանուհի Փեգի Խուդալաքիսը առաջին անգամ էր հայրենիքում բեմ բարձրանում եւ նա խնդրեց, որ այս ամենն ինչ-որ կերպ լուսաբանվի, որպեսզի մարդիկ տեղեկանան եւ հաճախեն, տեսնեն ու շփվեն իրենց հետ: «Մենք ուզում ենք ծանոթանալ մեր ժողովրդի հետ, ուզում ենք բեմից կապ ստեղծել նրանց հետ, կարողանանք մեր զգացումները փոխանցել միմյանց»,- ասաց դերասանուհին: Նշենք, որ Հայ պատանեկան մշակութային միությունը ստեղծվել է 1944 թվականի հուլիսի 4-ին եւ աստիճանաբար զարգանալով դարձել է հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն (Հ.Մ.Ա.Կ): Կազմակերպությունը իր հիմնադրման օրից իսկ կարեւորություն է տվել արվեստի տարբեր բնագավառներում տարվելիք աշխատանքներին: 1944 թվականից կազակերպությունն ունեցել է թատերական բաժանմունք, որի հարկի տակ աշխատել են բազմաթիվ բեմադիչներ, դերուսույցներ, դերասաններ ու թատերասերներ: Ներկայումս միության հարկի տակ աշխատում են երեք թատերախմբեր` «Շանթ ու Շանթիկ» մանկապատանեկան, «Արարատ» երիտասարդական եւ «Արամայիս Աղամալյան» թատերախումբը, որի բեմադրիչը արդեն 30 տարի է ինչ Վահագն Ազիզյանն է: Տեղեկացնենք, որ «Արամայիս Աղամալյանի» թատերախումբը «Իմ բոլոր զավակները» ներկայացմամբ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի շրջանակներում հանդես կգա նաեւ հուլիսի 26-ին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ