Անձնապես, բոլորն առանց բացառության, հակարհարված են ստանալու ծնոտին. Վարչապետի զգուշացումը՝ նախկին օլիգարխներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անձնապես, բոլորն առանց բացառության, հակարհարված են ստանալու ծնոտին. Վարչապետի զգուշացումը՝ նախկին օլիգարխներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-04-2019 11:59:46   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Ուզում եմ բոլորին զգուշացնել արդեն վերջին անգամ՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը առանց բացառության»,- ապրիլի 4-ին կառավարության նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազալցակայաններում գազի գնի թանկացման խնդրին: 
 
Ըստ նրա՝  երկվանից մամուլում մանիպուլյատիվ տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Կառավարության գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, մինչդեռ նման որևէ գործողություն չի կատարվել:  
 
Ն. Փաշինյանի կարծիքով՝ ոմանք միտումնավոր մանիպուլիացիաներ են անում, որպեսզի հարուցեն հանրության դժգոհությունը կառավարության նկատմամբ: 
 
«Ես ուզում եմ նորից կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»,- ընդգծեց վարչապետը՝ Շուկայի վերահսկողության տեսչության և Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարներին հանձնարարելով շատ արագ արձագանքել ստեղծված իրավիճակին և խստորեն պատժել մանիպուլիացիաների դիմող տնտեսավարողներին: 
 
Դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ստվերի դեմ պայքարում իրենք կոմպրոմիսների չեն գնալու, հետևաբար Հայաստանում չպետք է լինի որևէ գազալցակայան, որտեղ ՀԴՄ կտրոն չտպեն: 
 
Կառավարության ղեկավարը դիմեց նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանին՝ նշելով. 
 
«Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար դա ԱԱԾ խնդիր է, և ես  հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն