Ոմանց ախորժակը պետք է շատ կտրուկ փակենք, այդ թվում «բալանդով». Վարչապետը՝ ճանապարհների անորակ աշխատանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոմանց ախորժակը պետք է շատ կտրուկ փակենք, այդ թվում «բալանդով». Վարչապետը՝ ճանապարհների անորակ աշխատանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-04-2019 14:14:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում պետք է բացառվեն անորակ ճանապարհները: 
 
Ինչպես կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով որոշ հատվածներում ճանապարհների որակի հետ կապված խնդիրներին, նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկար տարիներ ճանապարհների կառուցման ոլորտը ՀՀ-ում եղել է փող ուտելու թիվ մեկ տեղը:  
 
Ըստ նրա՝ ոմանց ախորժակն այսօր էլ չի փակվել, հետևաբար իրենք պետք է շատ կտրուկ փակեն նրանց ախորժակը, այդ թվում նաև «բալանդով»: 
 
«Մենք այս դահլիճում մի քանի անգամ քննարկել ենք ճանապարհաշինության որակի բարձրացման հետ կապված հարցերը, այդ թվում մենք խիստ խոսել ենք, որ չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհը, բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են և իրականացրել են անորակ աշխատանք»,- ընդգծեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում անորակ աշխատանքներ իրականացրել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: 
 
Վարչապետի փոխանցմամբ, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարահատվածին, որի շինաշխատանքներն իրենք չեն ընդունել դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով: 
 
«Այդ մարդկանց պատճառով մենք կորցրել ենք ժամանակ, որն ամենաթանկն է, կորցել ենք ռեսուրսներ, և այն ճանապարհը, որը պետք է արդեն նորոգված ունենայինք, այս տարի արդեն ձմեռվանից մարդիկ ահազանգում էին, որ դրանք քանդվել են: Սա ինքնին վարկաբեկիչ լուր է մեր բոլորի համար»,- փաստեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս համոզմամբ՝ այդ ճանապարհը կառուցողները պետք է պատժվեն, այլ ոչ թե հնարավորություն ունենան նորից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն