Համաներմամբ ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համաներմամբ ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-04-2019 16:20:17   | Հայաստան  |  Հասարակություն



 
Համաներմամբ ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն: 
 
Այս մասին ապրիլի 4-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով բնակարաններից և ավոտմեքենաներից կատարվող գողությունների թվի ավելացմանը: 
 
Ըստ նրա՝ նման հանցագործությունների թվի ավելացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քաղաքացիներն այժմ ավելի շատ են վստահում ու դիմում ոստիկաններին: 
 
«Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որևէ արարքի, որովհետև մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն:  Եղել են դեպքեր, երբ մարդիկ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանություն, բայց ոստիկանները չեն գրանցել այդ դեպքերը: Այսօր չկա նման բան, ոստիկանները ցանկացած հայտարարություն՝ լուցկու չոփից սկսած մինչև առանձնապես ամենածանր հանցագործություն, գրանցում են»,- ընդգծեց Վ. Օսիպյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ վերոնշյալ 71 անձից 14-ը կալանավորվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն