Մարզը թալանածների հետ ողջագուրվում եք, հաճախակի ճաշում և հյուր եք նրանց հինգ աստղանի հյուրանոցներում. Իրավապաշտպանը՝ Վայոց ձորի մարզպետին


Մարզը թալանածների հետ ողջագուրվում եք, հաճախակի ճաշում և հյուր եք նրանց հինգ աստղանի հյուրանոցներում. Իրավապաշտպանը՝ Վայոց ձորի մարզպետին

  • 24-06-2019 12:10:23   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք

<<Վայոց ձորը հանուն ժողովրդավարության>> ֆեյսբուքյան էջը արձագանքել է մեր հրապարակումներին և Նոյյան Տապանի հաղորդումներին:
Քանի որ վերը նշված ֆեյսբուքյան էջը ըստ հավաստի աղբյուրի համակարգում է Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանի (Բագրատունի) հարազատ եղբայրը , ապա կարծում եմ ճիշտ կլինի միանգամից պատասխանեմ Վայոց Ձորի մարզպետ՝ պ-ն Տրդատ Սարգսյանին:
Վերջի վերջո հասուն մարդիկ ենք և սեփական դեմքով հանդես գալը ճիշտ է:
 
Այսպես՝
Պ-ն Տրդատ Սարգսյան,նախ շնորհակալ եմ արձագանքի համար,դա նշանակում է խոսքը տեղ է հասել և մտածելու տեղիք է տվել:
Մի քանի դիտարկում Ձեր արձագանքից:
-Նշել էք,որ Վայոց Ձորի իրավապահները 2018-2019թ-ին Պետական Բյուջէ են վերականգնել մոտ 43 միլիոն ՀՀ դրամ և դիտարկել էք դա որպես իրավապահների փայլուն աշխատանք:
Պ-ն Տրդատ Սարգսյան ,Դուք ի՞րոք համոզված էք ,որ նախկին հանցավոր ռեժիմի կառկառուն ներկայացուցիչները 20 տարվա ընթացքում մարզից թալանել են ընդամե՞նը 43 միլիոն դրամ:Ասեմ Ձեզ,միայն իմ մոտ գտնվող և մարզի իրավապահների կողմից մերժված գործերով առերևույթ Պետությանը հասցված նյութական վնասը 1 միլիարդ 800 միլիոն է կազմում:Ընդ որում սա ընդամենը 8 գործի տվյալներ են,իրական պատկերը ավելի սարսափելի կլինի,եթե վեր հանվեն և վերանայվեն բոլոր կարճված գործերը:
-Նշել էք ՝ Մարզում աշխատանքներ կատարվում են, բայց չեն լուսաբանվում լրատվության բացակայության պատճառով, որն իրականում մեծ խնդիր է։
Պ-ն Տրդատ Սարգսյան Դուք լրատվական խնդիր չունեք,վերացրեք Մարզի խնդիրները,այդ թվում նաև մեր բարձրացրած և ես ինքս և մեր իրավապահ թիմը լավագույնս կլուսաբանի Ձեր հաջողությունները՝ընդ որում անվճար:
-Նշել էք՝ Քոչարյանի և այլ օրինազանցների, մարդու իրավունք ոտնահարողների դեմ պայքարը եղել է, կա և լինելու է:
Պ-ն Տրդատ Սարգսյան կարգախոսը ընտիր է,բայց իմ սուբյեկտիվ կարծիքով , չի կարելի պայքարել օրինազանցների և մարզը թալանածների դեմ,երբ հաճախակի հյուր էք նրանց հինգ աստղանի հյուրանոցներում,երբ փողոցում նրանց տեսնելուց ողջագուրվում էք , հաճախակի ճաշում կամ ընթրում էք նրանց հետ:
Չի կարելի պայքարել Քոչարյանի դեմ,երբ նույնիսկ չէք համարձակվում դիմել դատարան և անվավեր ճանաչել Վարդաբլուր բնապահպանական հիմնադրամին տրված սեփականության վկայականները:
-Նշել էք ,որ ժողովրդավար էք և հեղափոխական:
Պ-ն Տրդատ Սարգսյան մի՞թե հեղափոխության տրամաբանության մեջ է
Երբ մարզպետարանի աշխատակիցը տևական ժամանակ աշխատանքի չի գալիս,բայց աշխատավարձ է ստանում և նրան ներկա են դնում:
Երբ մանկապարտեզի վարիչ է աշխատում կեղծ դիպլոմով անձը
Երբ Մարզում կան փակ գյուղեր:
Երբ ՏԻՄ մարմնի կողքից անցնելուց թմրանյութի հոտ է բուրում
Երբ նախկին ռեժիմին ծառայածը՝ այժմ ՔՊ գրասենյակ է վերանորոգում
Երբ անձի սեփականությունը խլում են ձեռքից
Երբ գյուղի ջուրը կտրում են,որպեսզի ՀԷԿ-ը աշխատի
Երբ բրուցելիոզի համաճարակի առկայության դեպքում,վարակված կաթով պանիր են պատրաստում և վաճառում
Պ-ն Տրդատ Սարգսյան ցանկը ահավոր մեծ է և եթե դրա 10 տոկոսը ճիշտ է,ապա իմ ահազանգը տեղին է:
Ի դեպ Ձեզ պետք է անհանգստացնի,որ Վայոց Ձորի բնակիչը դիմում է մեզ,այլ ոչ թե Ձեզ,այստեղից աներկբա հետևում է,որ Ձեզ չի վստահում և ոչ էլ մարզի իրավապահին:
-Նշել էք տեղեկատվության մեր աղբյուրի Ձեր հիմնավոր կասկածի մասին
Պ-ն Տրդատ Սարգսյան մեր տեղեկատվության աղբյուրը Վայոց Ձորի հուսահատված բնակիչն է,որոնց ես Ձեզ խոստանում եմ կտեսնեք մեր հետագա հաղորդումների ժամանակ,որոնք առանց թաքնվելու իրենց բողոքը կուղղեն Ձեզ ուղիղ եթերով:
Կխնդրեի ինձ չխառնել ներկուսակցական գզվռտոցների մեջ և ընդհանրապես,գովելի չէ տան կեխտոտ լվացքը ի ցույց դնել հանրությանը:
Ի՛նչու սկսեցինք բարձրաձայնել Վայոց Ձորի խնդիրները:
Պ-ն Տրդատ Սարգսյան ՀՀ Վարչապետը բազմիցս հայտարարել է,որ եթե քաղաքացին չի ստանում իր խնդրի լուծումը,չի կարողանում տեղական իշխանության միջոցով վերացնել ապօրինությունը ապա պարտավոր է բարձրաձայնել,կատարել հրապարակումներ,դիմել իրավապաշտպաններին և այդ միջոցով իր բողոքը և պահանջը հասցնել կառավարություն:
Ինչպես Դուք էք նշում,նույնիսկ մարզպետարանը հրապարակումների հետ խնդիր ունի և մի զարմացեք որ դիմել են մեզ,իրենց իրավունքի ,Պետության և Հեղափոխության սկզբունքների պաշտպանության համար:
Վերջերս առիթ ունեցել եմ հայտարարել,այժմ էլ վերահաստատում եմ՝
Մեր հրապարակումները Ձեր դեմ չեն,այլ հանուն Վայոց Ձորի,հանուն հեղափոխության արժեքների և հանուն Պետականության ամրապնդման:
Ես ինքս ուրախ կլինեմ,որ Դուք Ձեր գործունեությամբ վերացնեք վերը նշված և չնշված խախտումները,Վայոց Ձորի մարզը վերադարձնեք օրինականության դաշտ,ստեղծեք այնպիսի պայմաններ,որ Վայոց Ձորի բնակիչը հասկանա,որ ինքն է տերը իր մարզի և այդ միջոցով էլ ստիպեք մեզ ոչ թե քննադատենք այլ գովերգենք և լուսաբանենք Ձեր ազգանվեր գործունեությունը:
Մի բան էլ՝ Պ-ն Տրդատ Սարգսյան ուզեք թե չուզեք Վայոց Ձորի խնդիրները լուծվելու են,հեղափոխությունը անշրջելի է,նախկինները հետ վերադարձ չունեն:
Հարգանքներով՝
 
Իրավապաշտպան 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք