Հեղափոխության կոկորդի փուշը. վերեւ, թե ներքեւ


Հեղափոխության կոկորդի փուշը. վերեւ, թե ներքեւ

  • 12-07-2019 17:06:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայ-բրիտանական գործարար պալատը մտահոգություն է արտահայտել Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված վիճակի կապակցությամբ: Պալատի անդամ է Լիդիան Արմենիա ընկերությունը, որը ստացել է շահագործման իրավունքը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո հայտնի զարգացումների հետեւանքով չի կարողանում աշխատել:
 
Մենք կարեւորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը եւ արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ տեղական օրենքներին, արձանագրում է Պալատը, միաժամանակ համարելով, որ կառավարությունը պետք է երաշխիք տա բարձր ստանդարտի բիզնես իրականացնող ընկերությունների անխափան աշխատանքի համար:
 
 
Պալատը նշում է, որ Ամուլսարի շուրջ ստեղծված վիճակը հարված է ոչ միայն բիզնեսին, այլ նաեւ պետությանը:
 
Ամուլսարի իրավիճակը կարծես թե դարձել է թավշյա հեղափոխության ՙկոկորդին մնացած փուշ՚, որը չի իջնում թե ներքեւ, թե դուրս չի գալիս կոկորդից: Համենայն դեպս առայժմ:
 
Արդեն մեկ տարի եւ ավելի Լիդիան ընկերության գործունեության ճանապարհը արգելափակված է եւ հանքի շինարարությունը կասեցված: Բնապահպանները օգտվելով թավշյա հեղափոխությունից, արգելափակել են հանքի շահագործումը, որ գործնականում անարգել սկսվել էր նախորդ իշխանության շրջանում, առանց այդօրինակ անձնուրաց դիմադրության:
 
Բնապահպաններն ահազանգում են, որ հանքի շահագործումը կթունավորի Ջերմուկի եւ Սեւանի ջրերը:
 
Դա անկասկած լրջագույն վտանգ է եւ Հայաստանի թանկարժեք ջրային ռեսուրսը չի կարելի ենթարկել այդպիսի վտանգի:
 
Մյուս կողմից, Լիդիան ընկերությունը պնդում է, որ ունի ռիսկերի արդյունավետ կառավարման տեխնոլոգիա, իսկ վտանգի մի մասն էլ չափազանցված է անհիմն, իսկ երբեմն էլ շահադիտական նպատակով: Լիդիանը հայտարարում է, որ հանքարդյունաբերություն է ներմուծելու նոր որակ, նոր ստանդարտ:
 
Կառավարությունն իրավիճակը վերստին ուսումնասիրելու համար մոտ 300 հազար դոլարով վարձել է լիբանանյան ընկերություն, որը պետք է գնահատի՝ կա՞ վտանգ, թե՞ ոչ: Ընկերությունը Քննչական կոմիտե արդեն իսկ ներկայացրել է նախնական եզրակացություն, իսկ վերջնականը սպասվում է հուլիսի վերջին:
 
Ի՞նչ է լինելու ՙփշի՚ հետ: Բանն այն է, որ իրավիճակը կարող է զարգանալ ընդհուպ միջազգային արբիտրաժ, ինչն էլ կարող է Հայաստանի վրա արժենալ մեծ փողեր, եթե անհիմն արգելափակվի Լիդիանի աշխատանքը:
 
Մյուս կողմից, եթե իրապես կա ջրային ռեսուրսների վտանգ եւ այն քողարկվել է, ապա Հայաստանը պետք է դրսեւորի իր թանկարժեք ռեսուրսը պահպանելու ինքնիշխանություն:
 
Բոլոր դեպքերում լրջագույն ռիսկի տակ է հայտնվել երկրի ներդրումային ներուժը:
 
Միաժամանակ խորհրդավոր է այն, որ Հայաստանի հանքարդյունաբերական ծրագրերի շարքում կոշտ դիմադրության է հանդիպում այն միակը, որտեղ կա իրական խոշոր արեւմտյան ներդրում:
 
Հարցերը անշուշտ համալիր են եւ պահանջում են չափազանմց հստակ պատասխան թե ռիսկերի, թե անվտանգության երաշխիքների առումով:
 
Կարճաժամկետ էֆեկտի համար Հայաստանը չպետք է կրի անդառնալի տնտեսական կորուստ: Մյուս կողմից, Հայաստանը չպետք է դառնա նաեւ տարաբնույթ շահարկումների եւ նենգափոխումների զոհ:
 
Այլապես, կարող են ձեւավորվել բավականին վատ նախադեպեր մի շարք այլ իմաստներով:
 
Աներկբա է, որ հարցը պահանջում է բավականին խիզախ կամք եւ արդեն թերեւս արագ լուծում, որովհետեւ մեծ հաշվով գործընթացը արդեն վաղուց ստացել է բազմակողմանի ՙքայքայիչ՚ բնույթ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play