Քննչական կոմիտեն փնտրում է խարդախությամբ գումար հափշտակելու մեջ կասկածվող անձին


Քննչական կոմիտեն փնտրում է խարդախությամբ գումար հափշտակելու մեջ կասկածվող անձին

  • 09-08-2019 16:25:07   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 3-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շինարարական ապրանքներ գնելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար իրենից  պահանջել և ստացել է գումար, սակայն չի գնել նշված ապրանքները, չի կատարել շինարարական որևէ աշխատանք՝ տարբեր պատճառաբանություններով չվերադարձնելով իրենից վերցված գումարը:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին առերևույթ հանցագործություն կատարած անձի հետ ծանոթացել է սոցիալական կայքերից մեկում տեղադրված հայտարարության միջոցով և հնարավոր է, որ նշված անձի գործողություններից  տուժած լինեն նաև այլ անձինք:
 
«Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ  վարչական շրջանի քննչական բաժին»,-նշված է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play