Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին


Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

  • 19-08-2019 12:48:31   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Ջերմուկում և Գնդեվազում այս օրերին մեր բազմաթիվ համաքաղաքացիների հետ քննարկումների արդյունքում ծնված  բաց նամակը-հայտարարությունը:
 
Մեծարգո Պարոն Վարչապետ,
 
Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն: Ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք: Բայց հավասար իրավունքների երկրում, մարդկանց մի խումբն իրավունք չունի օրենքը շրջանցելով, ագրեսիայով  ու համայնքը ահաբեկելու ճանապարհով հասնել իր նպատակներին՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:
 
Տարիներ շարունակ տարբեր շահեր հետապնդող մարդիկ տարածել են  պատմություններ Ամուլսարի «վտանգների» մասին: Մեզանից շատերը որըս՝ Ամուլսարի շինարարության վրա աշխատելով, որըս՝ մասնագետների հետ խոսելով՝ որըս համացանցը ուսումնասիրելով համոզվել ենք, որ Լիդիանը կառուցում է ամենաորակյալ ու ամենաանվտանգ հանքը Հայաստանում: Չնայած դրան, այս մարդիկ արդեն մեկ տարի զրկել են մեզ՝ օրենքով գործող ընկերությունում աշխատելու, կամ Ամուլսարի շնորհիվ մեր փոքր բիզնեսը զարգացնելու ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Այս ընթացքում մեր տեսակետը արտահայտելու, Ամուլսարի հանքին կողմ խոսելու ցանկացած փորձ հանդիպել է ճանապարհները փակողների և նրանց հովանավորների փոքրաթիվ, բայց լծակներ ունեցող խմբի կողմից տարբեր ճնշումների: Իսկական վախի մթնոլորտը Ջերմուկում և Գնդեվազում հենց այս ամիսներին է եղել:
 
Կառավարությունը, ինչպես և խոստացել էր, իրականացրեց Ամուլսարի նոր փորձաքննությունը, որը հաստատեց մեր այն համոզմունքը, որ մեր հողին ու ջրին ոչինչ չի սպառնում: Բայց ճանապարհները փակողների փոքրաթիվ խումբը շարունակում է համայնքի անունից հանդես գալով իրականում պաշտպանել ինչ-ինչ խմբերի շահեր, բացարձակ չկարևորելով բնապահպանական դրական փորձաքննությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա և ուրիշ շահեր են խառնված:
 
Պարոն Վարչապետ,
 
Մեր համայնքները հայտնվել են ամենածանր սոցիալական վիճակում, կան հարյուրավոր արտագաղթածներ: Մենք չունենք մեր ընտանիքները կերակրելու միջոցներ, մինչդեռ այս ընթացքում Ամուլսարի ճանապարհները փակողները խնդիր չունեն իրենց ընտանիքի ծախսը հոգալու հարցում: Ինչպե՞ս է սա հնարավոր իրավական երկրում:
 
Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը: Նրանք չեն ներկայացնում ու երբեք չեն ներկայացրել համայնքի տեսակետը: Դրա լավագույն ապացույցը նրանց կողմից կազմակերպող հանրահավաքներն են, որոնց լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Մենք ենք համայնքը և մեր իրավունքները չպետք է ստորադասվեն ավելի բարձր գոռացող մարդկանց խմբի շահերին: Ամեն ինչ պետք է լուծվի  օրենքով և մեր համայնքներում արդեն մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա:
 
Մխիթար Արշակյան
mxitar1966@mail.ru
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն