ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ


ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ

  • 20-08-2019 12:28:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ:
 
2019 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Վերջիններս նախ փորձել են փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանությունը ուժի կիրառմամբ վերականգնել է երթևեկությունն ու հեռացրել մասնակիցներին:
 
Ակցիայի ընթացքում մասնակիցներից 6-ը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Քաշքշոցի ընթացքում կարմիր բերետավորների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել բնապահպանների և ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկվելու ընթացքում արձանագրվել են մասնակիցների իրավունքների կոպիտ խախտումներ:
 
Ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախման ընթացքում ոստիկանների կողմից գետնին է տապալվել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ում նկատմամբ նույնպես ոստիկանության գործողությունները եղել են անհամաչափ:
 
Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների ազատությունը համարվում է ժողովրդավարության հիմքերից մեկը. այն հանդիսացել է ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության հիմքը, խաղաղ հավաքների մասնակիցները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հավաքների միջոցով պայքարում են անօրինականությունների դեմ: 
 
Այս համատեքստում հավաքների ազատության դեմ գործադրվող ցանկացած սահմանափակում անմիջական և ուղիղ ոտնձգություն է հեղափոխության և դրանով ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն սկզբունքների դեմ։ 
 
2019 թվականի օգոստոսի 19-ին Ազգային ժողովի այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է։ 
 
 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից և խուսափել անձանց իրավունքների հնարավոր հետագա խախտումներից:
 
Կազմակերպությունը հիշեցնում է, որ ոստիկանության կողմից դրսևորված վարքագիծն ավելի շատ բնութագրական է ոստիկանության` որպես ուժային կառույցի գործունեությանը և հակասում է ոստիկանության` քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանություն ապահովելու առաքելությանը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն