Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ


Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ

  • 21-08-2019 14:04:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Օգոստոսի 21-ի դրությամբ, հայաստանյան ներքին օրակարգում գրեթե ոչինչ չի մնացել ընդամենը 15 օր առաջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի վարչապետի ելույթից: Բովանդակային առումով այն ուներ բավականին ուժեղ ազդակներ ու հաղորդագրություններ, որոնք իհարկե արժանացան հակասական մեկնաբանությունների: Այդուհանդերձ, խնդիրն անշուշտ մեկնաբանությունների եւ գնահատականի միատարրություն ունենալը չէր, այլ շոշափված համահայկական կարեւորագույն հարցերի շուրջ քննարկումների օրակարգ ձեւավորելը եւ ներքաղաքական, հասարակական-քաղաքական ներքին կյանքն այդ ճանապարհի վրա տեղափոխելը, որի առաջին քայլը Ստեփանակերտի հրապարակից արեց վարչապետ Փաշինյանը:
 
Բայց, պատմական ելույթից 15 օր անց ներքին կյանքը բոլորովին այլ թեմատիկայի ցանցում է, որտեղ իհարկե կան նաեւ լուրջ խնդիրներ ու հարցեր՝ ինչպես Ամուլսարը, բայց քննարկումների եւ վարքագծային դրսեւորումների «ավանդական» դիապազոնում, որտեղ գերակա շարժառիթը նենգափոխումը, երեսպաշտությունը, մանիպուլյացիան եւ քաղաքական փերեզակությունն է:
 
Այն, ինչ գործնականում կազմել է Հայաստանի ներքին կյանքը անկախությանը, եւ հատկապես հրադադարին հաջորդած ամբողջ գրեթե ամբողջ շրջանում, տարեցտարի այսպես ասած բացառությունից վերածվելով նորմի:
 
Թվում էր, թե այդ էջը կամ «գիրքը» կփակի հեղափոխությունը, սակայն ակնառու է, որ չստացվեց: Այդ թվում ոչ միայն հեռացող համակարգի դիմադրության, այլ նաեւ նոր ձեւավորվող կառավարող ուժի անբավարար ջանքի, իսկ գուցե խնդրի թերագնահատման պատճառով:
 
Ստեփանակերտում Փաշինյանի ելույթը վերագնահատման համենայն դեպս առերեւույթ փորձ էր, որից սակայն գոնե այս պահին չի մնացել գրեթե ոչինչ: 15 օրվա ընթացքում ելույթը փշրվել է նետված քարերով, որոնցից առաջինը BBC ռուսական ծառայության հայտնի հրապարակումն էր: «Ավանդական» քարերը շարունակվում են նետվել:
 
Չէ՞ր մտածել վարչապետ Փաշինյանը ելույթի պաշտպանիչ շերտի կամ միջոցառումների մասին, թե՞ ելույթն ինքնին նրա համար որոշակի պաշտպանիչ շերտ էր քաղաքական ավելի խորքային գործընթացների համար, որ ծավալվում են աշնանն ընդառաջ ներքին ու արտաքին ընդգրկումով: Բայց, ի՞նչ է մնացել այդ շերտից եւ արդյոք այն շատ արագ դուրս չեն բերել շարքից, խոցելի դարձնելով ավելի խորքային գործընթացները:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն