«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրությունը Տաթևում


«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրությունը Տաթևում

  • 25-09-2019 10:57:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ավրորա» ֆորումի շրջանակում Տաթևի վանական համալիրի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Կոմիտաս Վարդապետի 150-րդ տարեդարձին նվիրված բացառիկ ցուցադրությանը:
 
 «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը Տաթևի վանական համալիրի տարածքում՝ ձիթանում, բաց է այցելուների առջև այս տարվա սեպտեմբերից: 
Այն կազմակերպվել է 2019 թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումին ընդառաջ «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Ցուցադրությունն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ցուցադրությունը ներառում է Կոմիտաս Վարդապետի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարներ և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութեր: 
Այս ցուցադրության շնորհիվ Տաթևի վանական համալիր այցելող զբոսաշրջիկները ծանոթանում են մեծն Կոմիտասի կենսագրությանը, ով համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը:
 
«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվում է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-նշում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: 
 
Ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտասի ճանապարհորդությունների աշխարհագրությունը, հայ և օտարազգի մտավորականության հետ տարբեր քաղաքներում ունեցած շփումները: Լուսանկարներում Կոմիտասի կողքին կարելի է տեսնել հայտնի հայ մտավորականներ Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Ղազարոս Աղայանին, Արշակ Չոպանյանին, Վրթանես Փափազյանին, Գևորգ Բաշինջաղյանին, Ռուբեն Սևակին և այլոց:
 
Ցուցադրության ուսանկարչական նյութը տրամադրվել է Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս Վարդապետ (1869-1935)» (Երևան, 2014թ.) գրքից:
Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառված են նաև Վարդապետին վերաբերող բնօրինակ նյութեր՝ հուշամեդալներ, գրքեր, նամականիշեր և Կոմիտասի լուսանկարներով փոստային բացիկներ: 
Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև տարեվերջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն