Հայաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ


Հայաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

  • 26-09-2019 10:21:13   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
 
Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, և պատրաստ է շարունակել հետևողական և ակտիվ համատեղ աշխատանքը առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։
 
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով և քննարկել հայ-հնդկաստանյան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝  Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են և ամուր, և Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։ 
 
Նիկոլ Փաշինյանը և  Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առևտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման հարցին։  Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։
 
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետերը նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն