Դերերը բաշխվեցին. Հայաստանը փոխում է իրավիճակը


Դերերը բաշխվեցին. Հայաստանը փոխում է իրավիճակը

  • 05-10-2019 10:32:18   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրան արդյունավետ դիմակայելը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան Վալդայ ակումբում Արցախի եւ Հայաստանի դեմ արված Ալիեւի հայտարարությունների:
 
Նախօրեին Աննա Նաղդալյանը արձագանքել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը: ՌԴ արտգործնախարարն ասել էր, թե Արցախը Հայաստան է հայտարարությունը, որ արել էր Հայաստանի վարչապետը, չի նպաստում խաղաղ գործընթացը առաջ մղելուն: Հայաստանի ԱԳՆ խոսնակը ասել էր, որ միջնորդները պետք է զերծ մնան ընտրովի եւ միակողմանի բնույթ ունեցող գնահատականներից:
 
Ալիեւն էլ դրանից հետո Վալդայ ակումբում հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան» է: Խոշոր հաշվով, Ալիեւը 2004 թվականին իշխանության գալուց հետո այլ բան երբեւէ չի էլ հայտարարել: Ադրբեջանի հռետորաբանությունն այդ իմաստով չի փոխվել:
 
Փոխվել է Հայաստանի հռետորաբանությունը, ապրիլյան քառօրյայից հետո մասնակի, իսկ հեղափոխությունից հետո էապես համարժեք դառնալով Ադրբեջանի հռետորաբանությանն ու քաղաքականությանը:
 
Միջնորդների համար դա գուցե ստեղծում է որոշակի անհարմարավետություն, որովհետեւ մոտ քառորդ դար նրանք հարմարվել են մի իրավիճակի, որը Հայաստանը սկսել է փոխել: Կամ, միջնորդները սկսում են հարմարվել այդ փոփոխության գործընթացին, պարզապես փորձում են «ապահովագրել» այդ գործընթացը Ադրբեջանից: Դրա համար պետք է, որ Ադրբեջանը մնա այն «հունի» մեջ, որում եղել է: Ներկայում դա կարող է նույնիսկ նպաստել իրավիճակի փոփոխությանը, հնարավորինս արագացնել այն եւ նույնիսկ դարձնել առավել փաստարկելի:
 
Դրա համար պետք է «խրախուսել» Բաքվին, ինչն անում է Լավրովը: Թող «խրախուսի», որովհետեւ Բաքուն այդ կերպ շարունակելու է իր քաղաքականությունը, դրանով էլ Հայաստանի արդեն լեգիտիմ իշխանության համար ստեղծելով քաղաքականությունը փոխելու եւ իրավիճակին ու հայկական խնդիրներին համարժեք դարձնելու հիմք:
 
Այդ հիմքն իր հերթին ամրացնում է նաեւ Հայաստանի նախկին իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության հասցեին իր քննադատությամբ, որն առերեւույթ նյարդայնացնում է հանրությանը, թողնում նենգափոխման եւ շահարկման տպավորություն, բայց դրանով հանդերձ հանրությանը մոբիլիզացնում Փաշինյանի քաղաքականության շուրջ: Թող նախորդ իշխանությունն էլ անի դա:
 
Արդյունքում առավել ուժեղանալու են Հայաստանի նոր քաղաքականությունը եւ դիրքերը, ինչին էլ սկսելու են հարմարվել միջնորդները, որոնք դրան են սպասում առնվազն ապրիլյան ագրեսիայից հետո: Նրանք բախվեցին նախորդ մոտ քառորդդարյա մոտեցումների եւ տրամաբանության փակուղուն: Բայց կան խնդիրներ, եւ միջնորդների համար շատ բարդ է սեփական նախաձեռնությամբ փոխել իրավիճակը, որովհետեւ նրանք ունեն առանձին եւ հաճախ իրարամերժ բավական շատ հետաքրքրություններ ու շահեր: Ըստ այդմ, իրավիճակը պետք է փոխի կողմերից մեկը: Ադրբեջանին այն փոխելը պետք չէ, ու չի էլ կարող: Բայց պետք է, որ Բաքուն չփորձի էլ՝ Հայաստանին չխանգարելու համար: Իրավիճակը պետք է փոխի Հայաստանը: Դա բարդ է, աշխատատար, բայց անհրաժեշտ ու հնարավոր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play