Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

  • 19-10-2019 10:27:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՅՈՒՆԵՍԿՕ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։
 
Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի իրագործմանը։ Նախարար Հարությունյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ մասնակցությունը ծրագրի իրականացմանը։ 
 
Պարոն Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ծրագրին Հայաստանի ներգրավվածության, մասնավորապես, Մատենադարանի՝ մատենագրերի վերականգնման և հավաքածուների թվայնացման մասնագետների տրամադրման և Իրաքի համապատասխան մասնագետների համար Հայաստանում վերապատրաստումների կազմակերպման հարցում։ Նա ընդգծել է, որ հայ մասնագետների բացառիկ փորձը շատ օգտակար կլինի այս հարցում։
 
Բարձր է գնահատվել ՅՈւՆԵՍԿՕ-ի 4 մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։ Նախարար Հարությունյանը նաև անդրադարձել է 2020 թվականի գարնանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ հետ համատեղ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվելիք միջոցառմանը, որը նվերված է լինելու մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մշակութային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունը։
 
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը։   Մասնավորապես, կարևորվել է մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական  այց կկատարեն Հայաստան։
 
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։
 
Կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի և Հայաստանի ակտիվ համագործակցությունը՝ կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման հարցում։  Այդ համատեքստում ընդգծվել են Հայաստանի դրական ներուժը և առկա ձեռքբերումները։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն