«Ավրորա» ֆորումն ամփոփվել է Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին


«Ավրորա» ֆորումն ամփոփվել է Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

  • 22-10-2019 10:53:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 21-ին Տաթևի վանական համալիրում հոգևոր, կրթական և մշակութային մեծ տոնախմբություն էր, որին մասնակցում էին Տաթև այցելած զբոսաշրջիկները, «Ավրորա» ֆորումի հյուրերն ու հարակից համայնքների բնակիչները:
 
«Ավրորա» ֆորումի հագեցած շաբաթը ամփոփվեց Հայաստանի ամենախորհրդավոր վայրերից մեկում՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրում:
 
2008 թ.-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական ազգային դպրոցի 150-ամյա հարուստ ավանդույթները և մեծարելով հայ ականավոր երգահան, ուսուցիչ, խմբավար վարդապետ և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին:  
Ձիթhանում ներկայացված էր «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որտեղ ներառված էին Կոմիտասի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարները և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութերը: 
 
Ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ:
 
«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվել է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-ասում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
Տաթևի վանական համալիրի թանգարանային հատվածում, որտեղ IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերջերս ավարտվել են վերականգման աշխատանքները, ներկայացված էր ծագումով սյունեցի նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարների և քանդակների միջոցով արվեստագետներն արտահայտել էին իրենց անսահման սերը դեպի հայրենիք:
«Այս ցուցահանդեսը մի փոքր առանձնանում է օրվա թեմատիկայից, բայց մեր այսօրվա հերոսը Կոմիտասն է, ով արտացոլում է մեր անցյալը, մեր արմատները, և այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է մեր հոգևոր ներկան: «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ, այսօր վանքը կրկին ձեռք է բերում իր նախկին տեսքն ու խորհուրդը»,-ասում է քանդակագործ Մանվել Մաթևոսյանը:
 
Մասնակիցների կարծիքով՝  այս միջոցառումները ցույց են տալիս, որ Տաթևը, լինելով միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրոնական և լուսավորչական կենտրոններից մեկը, վերականգնում է իր հոգևոր, կրթական և մշակութային դիմագիծը: 
 
Ցուցահանդեսներից բացի, Տաթևում ներկայացված էին վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից ընթացող վերականգման և շինարարական աշխատանքների ընթացքում: Խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր,  18-րդ դարի պնակներ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին և վանքի 1304 թ.-ի պատմական զանգը: Ցուցանմուշների մեջ ներկայացված էին նաև Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ:  
 
Տաթևի վանական համալիրում՝  Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, «Հովեր» երգչախումբը կատարեց հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, որը համարվում է Վարդապետի ստեղծագործությունների գլուխգործոցը: 
 
«Կոմիտասը արեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք: Նա լսեց Հայաստան աշխարհի երաժշտության առանձնահատկությունը, հավաքագրեց, ուսումնասիրեց, կատարեց և փոխանցեց մեզ: Մեր գործը նրա ժառանգության արժեքը գիտակցելն է: Մեր գործը նրան հնչեցնելն է: Այդ առաքելությունը պարգև է»,-ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն