ՏԿե նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին


ՏԿե նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին

  • 22-10-2019 19:39:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան  Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության մարզերում գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման և ներդրումային  ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
 
Ողջունելով և շնորհավորելով դեսպանին ՝ նախարար  Պապիկյանը  վստահություն է հայտնել, որ Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի դիվանագիտական գործունեության ընթացքում երկու երկրների գործընկերային հարաբերություններում զարգացման նոր հեռանկարներ կբացվեն ։ 
 
Խոսելով Աբու Դաբիում Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին իր մասնակցության մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը  շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ ընդունելության համար և նկատել, որ ԱՄԷ կատարված այցի ընթացքում առավել տեսանելի է դարձել հայ-էմիրաթական հարաբերություններում տարբեր ուղղություններով համագործակցության դեռևս չիրացված ներուժը:
Իր հերթին դեսպան  Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին ընդգծել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը ԱՄԷ կառավարության համար և փոխանցել վերջինիս հետաքրքրվածությունն ու  պատրաստակամությունը  Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու նկատմամբ։ Դեսպանի խոսքերով այժմ քննարկվում է նաև Աբու-Դաբի-Երևան երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը Էմիրության ազգային փոխադրող «Air Arabia» ավիաընկերության կողմից։  
 
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել «Air Arabia» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում և նկատել, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև նոր ավիաչվերթի գործարկումը թույլ կտա խոսել հայ-էմիրաթական հարաբերությունների նոր որակի մասին ։
Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև  փոխգործակցության ոլորտային ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին քննարկել ներկայացվող առաջարկներն ու ծրագրերն իրականացնելու ուղղությամբ համատեղ գործնական քայլերը։  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն