Մեղրիի տարբերակը. Վաղարշակ Հարությունյա՞նն էր խնդիրը


Մեղրիի տարբերակը. Վաղարշակ Հարությունյա՞նն էր խնդիրը

  • 29-10-2019 16:22:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Հիմա պարզ է, թե ինչու էր Ռոբերտ Քոչարյանն ընկել իմ հետեւից եւ հեռացրել պաշտոնից, լրագրողներին ասել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ասելով, թե պատճառն այն է, որ ինքը դեմ էր Մեղրիի տարբերակին: Դա հոկտեմբերի 27-ի առիթով բազմիցս շրջանառված հայտնի «թեզն» է, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրիի փոխանակման շուրջ, իսկ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին եւ այդ իսկ պատճառով էլ նրանց գնդակահարեցին:
 
Մեղրու տարբերակի մասին 27-ից հետո խոսվել է այդ տրամաբանության շրջանակում, ինչը աշխուժորեն շրջանառողներից մեկն էլ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն է:
 
Բանակցե՞լ է Ռոբերտ Քոչարյանը երբեւէ Մեղրիի տարբերակի շուրջ, կամ Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը բանակցե՞լ են: Հնարավոր է, եւ իհարկե բարդ է ասել, թե ով ինչ համատեքստում ու ինչ դիրքորոշմամբ է բանակցել:
 
Բայց, երբ այդ հարցն ենք դիտարկում հոկտեմբերի 27-ի այսպես ասած մոտիվի հիմքում, ապա պետք է փորձենք գտնել տրամաբանությունը:
 
Դիտարկենք առաջարկվող վարկածը՝ որ Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը դեմ էին, դրա համար եղավ 27-ը: Այսինքն ստացվում է, որ 27-ը եղավ, որպեսզի վերացնեն Մեղրիի փոխանակման խոչընդոտներին եւ ըստ այդմ, որպեսզի իրականացնեն փոխանակումը: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու՞ այն չեղավ:
 
Վաղարշակ Հարությունյա՞նը կանխեց: Ուրեմն, Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին վերացնել հնարավոր էր, Վաղարշակ Հարությունյանին՝ ո՞չ: Մի՞թե Մեղրիի «փոխանակման» շահառուներն այնքան լուրջ էին, որ կարող էին նույնիսկ աշխարհի համար աննախադեպ մասշտաբի եւ սահմռկեցուցիչ ոճրագործություն կազմակերպել Հայաստանում, սակայն թույլ տալ Վաղարշակ Հարությունյանին «չնկատելու» վրիպումը: Այդ մասին խոսելը լու՞րջ է:
 
Մի՞թե մեծ խելք էր պետք է հասկանալու համար, որ Մեղրիի փոխանակման տարբերակ հնարավոր էր Հայաստանին պարտադրել մի դեպքում՝ եթե այդ տարբերակի հարցում աներկբա համաձայնություն ունեին երկու առանցքային տերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Եթե ոչ, ապա տարբերակը խափանելու համար բոլորովին չկար ահաբեկության կարիք, պարզապես բավարար կլիներ Մոսկվայից մի զանգ Հայաստանի որեւէ պաշտոնյայի, ով կմտածեր Մեղրու փոխանակման մասին՝ մի զանգ, եւ դա բավարար կլիներ, որ այդ պաշտոնյան մերժեր որեւէ փոխանակում:
 
Իսկ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ եկած լինեին գլոբալ համաձայնության, ապա այդ դեպքում ծիծաղելի է մտածել, որ Վաղարշակ Հարությունյանը կամ որեւէ մեկը Հայաստանում կարող էր կանխել այդ համաձայնության իրականացումը: Այն Հայաստանին կպարտադրվեր ամենադաժան ձեւով:
 
Եվ այստեղ թերեւս կարող է առաջանալ խնդրի կամ վարկածի մեկ այլ կողմը: Եթե հոկտեմբերի 27-ի մոտիվն ընկած է Մեղրիի տարբերակում, ապա առավել տրամաբանական կարող է լինել այն, որ դրան առնվազն դեմ չէին կամ քննարկելի էին դա համարում Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը:
 
Որովհետեւ այդ դեպքում, մեկը զինվորականության կամ երկրապահության շրջանակում իր ունեցած հեղինակությամբ ու լեգիտիմությամբ, մյուսը հանրության մոտ որոշակի լեգիտիմությամբ կարող էին ստանալ անցանկալի որեւէ տարբերակի հանրային հավանություն: Այդ դեպքում է թերեւս, որ դաժան ոճրագործության եւ ահաբեկության միջոցով դա կանխելը կստանար տրամաբանություն: Դա՝ իբրեւ վարկածային դիտարկում, որովհետեւ ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, թե Հայաստանում իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուիցիչ կամ ներկայացուցիչներ կարող էին լրջորեն մտածել այդպիսի տարբերակների իրականանալիության պատասխանատվություն ստանձնելու մասին, այն էլ 1998-ի ներիշխանական հեղաշրջման օրինակի առկայությամբ:
 
Ըստ այդմ, թերեւս պետք է դադարեցնել 27-ի համատեքստում Մեղրիի տարբերակի շուրջ պատմություններն ու դրանց վրա միավոր հավաքելու փորձը:
 
Ինչ վերաբերում է 27-ին բանակի ներգրավման շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ ՊՆ նախարար Հարությունյանի տարաձայնությանը, ապա այստեղ կա թերեւս Մեղրիից ավելի «պարզ» պատճառ: Երբ գլխատվում է դե ֆակտո իշխանությունը, ապա բնական է, որ իշխանության ցանկացած կառույցի, եւ առավել եւս բանակի շարժ դառնում է չափազանց զգայուն հարց այն պաշտոնյաների համար, որոնք դե յուրե պատասխանատու են պետության անվտանգության համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play