Էրդողանի շանտաժը. Թուրքիան սպառնացել է Վրաստանին


Էրդողանի շանտաժը. Թուրքիան սպառնացել է Վրաստանին

  • 01-11-2019 16:18:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հանդիպումը: Անկարա այցը Գախարիայի երրորդ պաշտոնական արտերկրյա այցն է: Առաջինը եղել է Ադրբեջանում՝ հոկտեմբերի սկզբին, մի քանի օր անց այցելել է Հայաստան:
 
Էրդողանը խոսել է թուրք-վրացական հարաբերության սերտացման պատրաստակամության մասին, ասելով, թե հարաբերությունները սառեցված էին, սակայն արտգործնախարարներին հանձնարարել են հնարավորինս արագ հրավիրել Ռազմավարական գործակցության Խորհրդի նիստ: Էրդողանը հայտարարել է, թե «եղբայրական Ադրբեջանի» մասնակցությամբ տեղի ունեցող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերը կայունության գոտի են ստեղծում Կովկասից Անատոլիա: Թուրքիայի նախագահը հայտարարել է նաեւ, թե Վրաստանը կամուրջ է, որը միացնում է Թուրքիային իր եղբայրների հետ:
 
Առերեւույթ դրացիության տոնայնությունն ու հռետորաբանությունը գործնականում Էրդողանի սպառնալիքն է Վրաստանին, որը տեղի է ունենում երկու հատկանշական իրողությունների ֆոնին՝ Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման, ինչպես նաեւ դրան գրեթե զուգահեռ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի: Դրանում Թուրքիան ու իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանը, ի տարբերություն մյուս մասնակից պետությունների, բավականին բաց հռետորաբանությամբ շոշփում էին պանթուրքիստական հավակնությունները եւ ռազմավարական նպատակադրումները:
 
Այդ ճանապարհին կա երկու սուբյեկտ՝ Հայաստան եւ Վրաստան: Եթե Հայաստանի դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը հասկանալի պատճառով բանեցնում են առավել բաց եւ կոշտ հռետորաբանություն՝ այդ պլանների մասին խոսելիս, ապա Վրաստանի պարագայում ստիպված են լինել սիրալիրության շրջանակում:
 
Սակայն բարիդրացիության քողի տակ Անկարան ու Բաքուն տածում են նույն հավակնությունը Վրաստանի նկատմամբ: Խոսելով Կովկասից Անատոլիա կայունության, նաեւ «վրացական կամրջի» մասին, Էրդողանը Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ հանդիպմանը փաստացի զգուշացնում է՝ եթե Վրաստանը չկատարի Թուրքիան ու Ադրբեջանը կապող «պանթուրքիստական» կամրջի դերը, ապա կարող է լուրջ խնդիր ունենալ կայունության առումով:
 
Մյուս կողմից, Անկարան ու Բաքուն Վրաստանի իրենց պատկերացրած այդ գործառույթը անշուշտ չեն թողնում լոկ Թբիլիսիի այսպես ասած բարի կամքի հույսին, հաշվի առնելով նաեւ այն, որ այստեղ իհարկե հակազդող գործոններ են այլ ուժային կենտրոններ, որոնց համար Թուրքիայի պանթուրքիստական հավակնությունը ամենեւին ողջունելի չէ:
 
Այդ իսկ պատճառով, Ադրբեջանն ու Թուրքիան գործնականում նպատակադրված են պարզապես ավելի ու ավելի ուժգնացնել իրենց տնտեսական եւ դեմոգրաֆիական ներկայությունը Վրաստանում, Թբիլիսիին այլ ելք չթողնելու համար, քան պարզապես լինել պանթուրքիստական ռազմավարությունը սպասարկող տարածք, ոչ թե վրացական պետություն: Թբիլիսին թերեւս պետք է որ լավ պատկերացնի այդ հանգամանքը, եւ ըստ երեւույթին դրանով է նաեւ պայմանավորված հարաբերության այն սառեցումը, որի մասին խոսել է Էրդողանը, միաժամանակ թերեւս շանտաժելով՝ որ պետք է արագ ապասառեցնել, այսինքն սկսել Վրաստանը հնարավորինս արագ Թուրքիային ու Ադրբեջանին հանձնելու գործընթացը:
 
Ի՞նչ է անելու Թբիլիսին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play