Զ. Մնացականյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները


Զ. Մնացականյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման վերջին զարգացումները

  • 06-12-2019 14:43:34   | Սլովակիա  |  Մամլո հաղորդագրություն

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
 
Նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեցին պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների եւ շփումների կարեւորությունը ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում տարածաշրջանին առնչվող հարցերի քննարկման եւ խնդիրների վերհանման գործում:
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը Տոյվո Կլաարին ներկայացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների մանրամասները եւ գործընթացի վերաբերյալ Հայաստանի գնահատականները:
 
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:
 
Զրուցակիցները կարեւորեցին ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված վստահության միջոցների ձեռնարկումը: Այս համատեքստում ԱԳ նախարարն արձանագրեց Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն