Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ

  • 06-12-2019 15:10:17   | Սլովակիա  |  Քաղաքական

 Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:  
 
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:
 
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման և երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:
 
Երկուստեք բարձր է գնահատվել մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում և ունեցած ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: 
 
Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարևորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշել են  միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
 
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները արժևորել են բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են  ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին և մտքեր են փոխանակել ապագայի տեսլականի շուրջ:
 
Մոլդովայի և Հայաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:  Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 
Նոյյան տապան  -   Քաղաքական