Սերժ Սարգսյանը կմնա որպես որպես մեղադրյալ


Սերժ Սարգսյանը կմնա որպես որպես մեղադրյալ

  • 11-12-2019 16:31:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

pastinfo.am Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը մերժվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
 
«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է։ Մերժման հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշման՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապաված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ Նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված»,-նշեց Արևիկ Խաչատրյանը։
 
Նրա փոխանցմամբ քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ Նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը։
 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Ամրամ Մակինյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց իր ներկայացրած բողոքը մերժելու վերաբերյալ տեղեկությունը. «Այս պահին նման տեղեկություն չունեմ»,-ասաց Ամրամ Մակինյանը։
 
Ի դեպ նշենք, որ  փաստաբանի բողոքի քննարկման արդյունքների վերաբերյալ  «Փաստինֆո»-ն առավոտյան փորձել էր տեղեկատվություն ստանալ, սակայն  Դատախազությունից տեղեկատվություն չէին տրամարդել՝  նշելով, որ նոր տվյալներ չունեն եւ միայն այդ մասին ՀՀ վարչապետի թերթի հրապարակումից հետո տեղեկությունը տրամադրվեց նաեւ մեզ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը