2020 թվականից թղթային ուղեգրեր չեն լինի. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել մի շարք նոր ծրագրերի մասին


2020 թվականից թղթային ուղեգրեր չեն լինի. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել մի շարք նոր ծրագրերի մասին

  • 20-12-2019 11:50:50   | Հայաստան  |  Հասարակություն

Կանխավճարային համակարգը փոխարինվում է հետվճարային համակարգով՝ ամփոփելով կառավարության նիստում այսօր ընդունված որոշումները՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բացատրեց, որ այլևս բժշկական հաստատությունները նախապես չեն իմանալու, թե որքան գումար են ստանալու. կստանան այնքան, որքան մարդ կսպասարկեն մանկաբարձագինեկոլոգիական-ծննդօգնության մասով, սրտի անհետաձգելի ծառայությունների, ինչպես նաև զինվորականների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծրագրերի մասով:
 
«Իհարկե, ամեն ինչ պետք է արվի կանոնակարգված՝ ուղեգրման պատշաճ մեխանիզմով, բացառությամբ սրտի անհետաձգելի վիրահատությունները, երբ բժիշկն է դնում ախտորոշումը հիվանդի կանչի կամ հիվանդանոց ընդունվելու դեպքում»,- ասաց նա:
 
Նշելով տարբերությունը նախորդ համակարգից՝ Թորոսյանն ասաց, որ այլևս բուժհաստատության կողմից չպիտի լինի պատասխան, թե մեր պետպատվերը այս ծրագրերի մասով սպառվել է, և մենք այլևս չենք կարող ընդունել ձեզ ու սպասարկել: «Թե սա հաջողվի լավ կիրառել, ապա 2021 թվականից ավելի շատ ծառայություններ կփորձենք այս համակարգով ներդնել»,- նշեց Թորոսյանը:
 
Այս պահին, նրա խոսքով, հենց այսպես է Հայաստանում գործում ապահովագրությունը, սոցփաթեթը: «Եվ մենք գիտենք, որ դա ավելի հարմարավետ և արդար է ֆինանսական միջոցների բաշխման տեսակետից, քան մինչ այդ գործող պետպատվերի սահմանափակ բյուջեի ֆինանսավորումը, երբ որ հիվանդանոցները տարվա սկզբում նախարարի հրամանով ստանում էին գումարներ ու փորձում էին ծախսել. ոմանց մոտ ստացվում էր, ոմանց մոտ՝ ոչ, մենք էլ տարվա ընթացքում փորձում էինք ձեռքի ռեժիմով վերաբաշխումներ կատարել հաստատությունների մեջ: Էս տարի թվով ամենաշատ վերաբաշխումներն են արվել՝ 10-ից ավելի, ինչը կարևոր էր, քանի որ գերածախս և թերածախս չի եղել բուժհաստատություններում»,- ասաց նա:
 
Երկրորդ կարևոր որոշումը երեխաներին էր վերաբերում: Նախարարը հիշեցրեց, որ հուլիսից ներդրվել էր 7-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության պետական պատվեր, որը մինչ այդ չկար, բայց դրա մեջ ներառված էր միայն հիվանդանոցային բուժօգնությունը՝ ստացիոնար պայմաններում՝ վիրահատություններ, բուժումներ և այլն: Նախատեսվում էր ուսումնասիրել այդ փորձը, և հետո միայն 0-7 տարեկան երեխաների ծրագիրը, որի մեջ հավելյալ ծառայություններ էլ կան, տեղափոխել նաեւ 7-18 տարեկանների ծրագիր: «Եվ այսօրվա որոշումը, որ ստորագրվելուց հետո ուժի մեջ կմտնի (դա վաղվանից չի գործելու, այլ՝ ստորագրման պահից), կլինի մեկ ծրագիր, որը կկոչվի 0-18 տարեկան երեխաների բուժօգնության ծրագիր, որ կներառի հիվանդանոցային բուժօգնությունը և ախտորոշումն այն դեպքերում, երբ դա հնարավոր չի անել պոլիկլինիկաներում, սակայն դա անպայման կլինի ուղեգրով: Պարզապես այցելելով հիվանդանոց, այդ ծառայությունը պետպատվերի շրջանակում չի կարող մատուցվել: Պետք է պահպանել բոլոր կանոնները: Այսօրվա որոշմամբ՝ շահառուների թիվը կավելանա 200 հազարով»:
 
Երրորդ ծրագիրը օնկոլոգիական խնդիրներ ունեցողների համար է. «Հունիսից ճառագայթային ախտորոշումը բոլորի համար դարձավ անվճար, բայց գերուժեղ գծային արագացուցիչներով ճառագայթումը անվճար էր միայն մի խումբ քաղաքացիների համար: Հիմա արդեն դա հասանելի կլինի չարորակ նորագոյացություն ունեցողների համար, սակայն համավճարային սկզբունքով: Եթե նախկինում գծային արագացուցիչներով կամ գամմա-կոբատային կամերաներով ճառագայթումն անվճար էր, իսկ վարիան-գծային արագացուցիչով ճառագայթումը ամբողջովին վճարովի էր գրեթե բոլորի համար, ապա հիմա հնարավոր կլինի պարզապես ավելացնելով գնի տարբերություն՝ համավճարի տեսքով ստանալ նաև այդ ճառագայթումը, իսկ մնացածը կփոխհատուցվի պետության կողմից»,- ասաց նախարարը:
 
Եվ մի ծրագիր էլ՝ միտված զինծառայողների և նրանց հարազատների համար բուժծառայություններն ավելի մատչելի դարձնելուն: «Այն քաղաքներում, որտեղ հասանելի կլինի համակարգչային տոմոգրաֆիան, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, անոթների հետազոտությունները, կարիք չի լինի ուղեգիր վերցնել գերատեսչական հիմնարկներից՝ ՊՆ-ից, ԱԱԾ-ից և այլնից, այլ դա հնարավոր կլինի վերցնել հենց ձեր բնակավայրի պոլիկլինիկաներից: Սա հարմարավետության, ժամանակի ու առողջության խնայման համար է»,- ասաց Թորոսյանը:
 
2020-ից վերանում է թղթային ուղեգրերի համակարգը: «Մենք անցնում ենք էլեկտրոնային ուղեգրման համակարգի, որը կբերի թափանցիկության ավելացման, թե ֆինանսների խնայման, թե պացիենտների գոհունակության բարձրացման»,- ամփոփեց նախարարը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play