Էդմոն Մարուքյանն անցած 4 տարիների մասին


Էդմոն Մարուքյանն անցած 4 տարիների մասին

  • 23-12-2019 13:50:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է վերջին 4 տարիների  անցած ճանապարհը :
 
Ստորեւ ներկայացվում է գրառումն ամբողջությամբ.
 
«Մենք բավականին դժվար ժամանակներ ենք ապրել, այս չորս տարիներն ամենևին էլ հեշտ չեն եղել, ունեցել ենք և՛ նվաճումներ և՛ կորուստներ, ապրել ենք և՛ վերելքի և՛ ճգնաժամի շրջափուլեր, բայց այս ամենի հետ զուգընթաց մենք կարողացել ենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, իսկ հաղթահարել ենք, որովհետև հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը, սկզբունքներին և այն գաղափարներին, որոնց կրողն ու ջատագովն ենք։ Այս ձևակերպումների մեջ որևէ չափազանցություն չկա, իսկ ասվածի ամենամեծ ապացույցը Լուսավոր Հայաստանի ներկա կարգավիճակն ու գործունեությունն է։
 
Հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել այդ մեծ փոփոխությանը, իսկ մենք կանք, ամուր ենք և մեր վճռական խոսքը դեռևս առջևում է։ Շատերը կանխատեսում էին Լուսավորի կործանումն ու անհետացումը, բայց մենք ոչ միայն չկործանվեցինք, այլ, ընդհակառակը՝ արձանագրված փոփոխությունները եռապատկեցին ու քառապատկեցին մեր գոյության իմաստը։
 
Իսկ ո՞րն է մեր կուսակցության գոյության իմաստն ու առաքելությունը։ Ամեն ինչ իրականում շատ պարզ է. մեր կարճաժամկետ նպատակն է հանդես գալ որպես հզոր և կենսունակ ընդդիմություն։ Իսկ ընդդիմադիր լինելը ինքնանպատակ չէ, մենք կառավարությանը չենք քննադատում միայն քննադատելու համար։ Ընդհակառակը մեր առաքելությունն է լինել իշխանության ամենահնարավոր փոխարինողն ու մրցակիցը և դրա հիմքի վրա այլընտրանք առաջարկել ժողովրդին՝ Հայաստանի քաղաքացիներին։
 
Ներկայումս քաղաքական համակարգը չափազանց պարզունակ է և դրանից ելնելով պարզունակ են նաև մարդկանց ընկալումները քաղաքականության վերաբերյալ։ Ձևավորվել է սև ու սպիտակի միջավայր, բարի ուժերը պայքարում են չար ուժերի դեմ, հեղափոխականները կռվում են հակահեղափոխականների դեմ։ Իսկ սա փակուղի է, քաղաքական միտքը անընդհատ պտտվում է նույն քայքայիչ առանցքի շուրջը։
 
Իսկ մենք ասում ենք, որ քաղաքականությունն ու ընդհանրապես աշխարհը չի կարող սև ու սպիտակ լինել, այն բազմագույն է և բազմազան։ Մենք ասում ենք, որ քաղաքականությունը հեղափոխական սրբերի, հերոսների և քաղաքական հանցագործների դիմակայություն չէ։ Պետք է դուրս գանք այս քայքայիչ ու արհեստական շրջապտույտի միջից և զբաղվենք իրական քաղաքական աշխատանքով։
 
Աշխատանք, որը պետք է վերաբերվի հանրության իրական խնդիրներին ու հոգսերին։
 
Առանց որակյալ ընդդիմության Հայաստանի ապագան անորոշ է և առկախված։ Այս տեսանկյունից մենք որպես հասուն հանրություն պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, մոռացության և տոտալ անտարբերության մատնենք ընդդիմադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին։
Եթե այսօր իրական ընդդիմությունը ձախողի իր առաքելությունը, ապա կձախողվի նաև հեղափոխությունը, քանի որ քաղաքական համակարգը կմոնոպոլիզացվի, ինչի հետևանքով էլ օրվա իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի, իսկ մրցակցությունից դուրս գտնվող Փաշինյանի մոնոպոլ իշխանությունը աստիճանաբար կարժեզրկվի, որից հետո քաղաքական հանցագործները կվերադառնան իշխանության ղեկին։ Ես հիմա հեծանիվ չեմ հայտնագործում, ասվածի ապացույցը համաշխարհային փորձն է. մրցակցությունից դուրս գտնվող, այլընտրանքեր և կոշտ վերահսկողություն չունեցող իշխանությունը դատապարտված է իրականությունից կտրվելուն, որի վերջնական հետևանքը ավտորիտարիզմի անխուսափելի հաստատումն է։
 
Ամփոփելով միտքը՝ նշեմ մեր գործունեության հիմնական թիրախները.
• իշխանության հետ քաղաքական մրցակցություն,
• կանխարգելել քաղաքական մոնոպոլիան և սև ու սպիտակի արատավոր պրակտիկան,
• իրականացնել կոշտ վերահսկողություն և ցանկացած հարցի վերաբերյալ հանրությանը այլընտրանքային գաղափարներ ներկայացնել։
 
Այսինքն՝ մեր երկարաժամկետ նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը։ Այս առումով մենք լուրջ անելիքներ ունենք և առաջին հերթին քաղաքական նոր մշակույթի ձևավորման և լուսավորական գաղափարների տարածման տեսանկյունից։
 
Խավարամիտ և հետադիմական գաղափարական հոսանքները պետք է փոխարինվեն առաջադիմական, լուսավորչական գաղափարներով, քանի որ Հայաստանը արժեքային տեսանկյուից եվրոպական պետություն է։
 
Որքան էլ մեզ քննադատեն, ինչքան էլ քարոզչական արշավներ մեր դեմ կազմակերպեն, միևնույն է, մենք անելու ենք մեր աշխատանքը, չենք ընկրկնելու և կյանքի ենք կոչելու այն մեծ առաքելությունը, որի մասին խոսեցի։
 
Անցումային այս անկանոն տարերքի ժամանակները անցնելու են, յուրաքանչյուր ոք հայտնվելու է իր համապատասխան տեղում, ժամանակը դուրս է մղելու քաղաքական հանցագործներին ու կեղծ ընդդիմադիրներին, իսկ մենք՝ որպես իրական ընդդիմություն հասնելու ենք մեր նպատակին։ Լուսավորական գաղափարները հաղթելու են, իսկ սրանից հետևում է, որ հաղթելու են նաև Հայաստանն ու նրա ժողովուրդը։
 
Հատված' Լուսավոր Հայաստան կուսակցության 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթիցս»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play