Սուրենյանն ասել է՝ առաջիկա օրերին որտեղ ձյուն կգա


Սուրենյանն ասել է՝ առաջիկա օրերին որտեղ ձյուն կգա

  • 23-12-2019 17:00:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առաջիկա օրերին ձյուն կտեղա միայն լեռնային գոտիներում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է Ամանորին ձյուն տեղալուն, ապա նա նշեց, որ դրա վերաբերյալ կանխատեսումներ դեռ չկան:
 
«Այս պահին մենք չունենք կանխատեսում Ամանորի տեղումների վերաբերյալ, մեր կանխատեսումները մինչեւ ամսի 28-ն են: Տեղումներ սպասում ենք 26-ի գիշերը եւ 27-ին: Ձյուն կտեղա միայն լեռնային գոտիներում, մնացած հատվածներում՝ անձրեւ կամ ձնախառն անձրեւ»:
 
Ավելի վաղ Սուրենյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 25-28-ը կունենանք կտրուկ տաքացում։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաններում, այդ թվում՝ Երեւանում՝ 4-5 աստիճանով։ Սուրենյանն ընդգծում է, որ վերջին տարիներին սա սովորական երեւույթ է եւ ընդհանրապես Հայաստանի համար աննախադեպ չէ:
 
«Վերջին անգամ նման դեպք գրանցվել է վերջին 2 տարվա դեկտեմբերներին: Այսօրվա դեկտեմբերը ոչնչով չի տարբերվում վերջին 2 տարվա դեկտեմբերներից: Բազմաթիվ անգամներ մենք ունեցել ենք նման դեկտեմբերներ. 37 թվականին է եղել, 60-ականներին, 90-ականներին: Սա աննախադեպ երեւույթ չէ, շատ ենք ունեցել նման դեպքեր»,- ասաց նա:
 
Այս պահին, Սուրենյանի խոսքով, հանրապետությունում ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում՝ մոտ 2-3 աստիճանով: Դա պայմանավորված է Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
 
Առաջիկա օրերին հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի ընդհուպ մինչեւ 21 աստիճանի: 
 
Այդքան ջերմաստիճան կդիտվի դեկտեմբերի 25-ին Տավուշում, Սյունիքի եւ Արցախի հովիտներում: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play