ՊԲ-ն պարզաբանել է սպայի կողմից զինծառայողների ծանրոցները պատուհանից դուրս նետելու լուրերը


ՊԲ-ն պարզաբանել է սպայի կողմից զինծառայողների ծանրոցները պատուհանից դուրս նետելու լուրերը

  • 27-12-2019 12:28:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին , որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը.
 
«Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը: Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալի հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները:
 
Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:
 
Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:
 
Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
 
ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play